Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի հանդիպումը ԱԺ ՀԱԿ խմբակցության հետ տեւեց շուրջ մեկ ժամ: Հանդիպումից հետո Կոստանյանը կրկին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողներին հայտնեց, որ հանդիպման ընթացքում «բարձրացրել են այն հարցերը, որոնք հուզում են բոլոր քաղաքացիներին»` Մարտի 1-ի սպանությունների չբացահայտման, Տիգրան Առաքելյանի ազատ արձակման, կոռուպցիայի հաղթահարման, մասնավորապես` Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային հարցի, ՍԴՀԿ-ի հետ կապված վերջին իրադարձությունների, նաեւ միասնական քննչական մարմնի մասին:
«Լինելով գրագետ իրավաբան` նա ընդամենը ասաց, որ այս բոլոր հարցերը պետք է ուսումնասիրի»,- նշեց Զուրաբյանը, երբ լրագրողները փորձեցին պարզել, թե ինչպիսին էր հարցերի վերաբերյալ Կոստանյանի դիրքորոշումը եւ ինչ խոստացավ:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ Կոստանյանի` դատախազ նշանակվելու հարցն արդեն պարզ է, եւ «հիմա մենք պետք է առաջնորդվենք անմեղության կանխավարկածով, պետք է ինչ-որ ժամանակ հետեւենք նշանակվելիք գլխավոր դատախազի գործունեությանը»:
«Իհարկե, ինքը բոլոր առումներով, իր որակներով ավելի ընդունելի է, քան Աղվան Հովսեփյանը, բայց դա մեզ համար որեւէ նշանակություն չունի, որովհետեւ մենք հասկանում ենք, թե ինչ համակարգում է ինքն աշխատելու, նույն ավազակապետական համակարգում, նույն բռնապետի օրոք: Մենք պատրանք չունենք, որ այդ միջավայրում ինքը կարող է իրեն դրսեւորել որպես օրինականության պահապան, բայց, մյուս կողմից, լսելով իր մոտեցումներ մենք ինչ-որ ժամանակ պետք է նրան տանք: Մեր գնահատականները պետք է լինեն հիմնավորված: Կանխավ, մեր գնահատականները հիմնելով այս արատավոր քաղաքական համակարգի գնահատականի վրա, մենք չեն կարող, դա կլինի ոչ կոնստրուկտիվ մոտեցում: Մենք ցանկանում ենք ցանկացած մարդու շանս տալ եւ այդ շանսը տալիս ենք Գեւորգ Կոստանյանին»,- ասաց Զուրաբյանը եւ ընդգծեց, որ հենց այնպես, առանց շատ կոնկրետ հիմքերի նրան չեն քննադատի:
Նա նշեց, սակայն, որ այս պահի դրությամբ չի կարող ասել, թե ՀԱԿ խմբակցությունն ինչպես է քվեարկելու: