Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Պատգամավորների հարցերին պատասխանում էր ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Նա ներկայացրեց բոլոր այն առավելությունները, որոնք կընձեռվեն Հայաստանին ԵՏՄ անդամակցելուց հետո: Մասնավորապես` էներգակիրները` գազը, նաև չմշակված ադամանդները ներմուծվելու են Հայաստան առանց մաքսատուրքերի:
Ըստ Կարայանի` ԵՏՄ-ին անդամակցությունը հնարավորություն է` դիմակայելու համաշխարհային տնտեսության մարտահրավերներին: Իսկ թե ինչո՞ւ է, նրա կարծիքով, առավել շահավետ ԵՏՄ-ին անդամակցելը, որովհետև, Հայաստանի արտահանման կառուցվածքից ելնելով, պատրաստի արտադրանքի արտահանման 70 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով, ինչպես հայտնի է, դեմ է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, հարցրեց ֆինանսների փոխնախարարին, թե արդյո՞ք կառավարությունը նոր հաշվարներ կներկայացնի ԱԺ-ին` ելնելով այն փաստից, որ ներկայումս Ռուսաստանի տնտեսության հետ կապված բացասական գործընթացներ են տեղի ունենում:
Պատգամավորը հետաքրքվեց նաև, թե արդյո՞ք ԵՏՄ-ին անդամակցությունը չի վնասելու Իրանի ու Վրաստանի հետ առևտրային հարաբերություններին:
Սուրեն Կարայանը պատասխանեց, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության հետ, և ցանկացած բացասական ազդեցություն իր հետքն է թողում նաև Հայաստանի տնտեսության վրա` անկախ այն հանգամանքից` Հայաստանը անդամակցում է ԵՏՄ-ին, թե` ոչ: Այդ պարագայում ԵՏՄ-ին անդամակցությունը լավ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի արտահանողների համար, որովհետև արտահանողների ծախսերը կկրճատվեն 10-15 տոկոսով, փաստորեն, արտահանման տեմպերը կաճեն:
«Ռուսաստանի տնտեսության հետ տեղի ունեցող վերջին իրադարձությունները շատ բացասական չէի գնահատի: Մենք չենք կանխատեսում Ռուսաստանի տնտեսության անկում: Փոխարժեքի տատանումները իսկապես ազդում են, այդ խնդիրը կա, բայց նաև հույս ունենք, որ իրավիճակը կկայունանա»,- ասաց Սուրեն Կարայանը:
Ինչ վերաբերում է Վրաստանի ու Իրանի հետ առևտրային հարաբերություններին, նա նշեց, որ պահպանվելու են այդ երկրների հետ առևտրային ռեժիմները, և որևէ մեծ խնդիր կամ սահմանափակումներ չկան:
ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հարցրեց, թե ԵՏՄ-ն ունենալո՞ւ է միասնական արժույթ, ինչին Սուրեն Կարայանը պատասխանեց, որ միասնական արժույթի հարց չի քննարկվել, ըստ երևույթին` այդ հարցը կքննարկվի 2020-ից հետո:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ հարցրեց, թե Հայաստանը կարո՞ղ է նոր սուվերեն կարգով պայմանագրեր ստորագրել, ասենք` Գերմանիայի հետ:
Փոխնախարարը պատասխանեց, որ Հայաստանը չի կարող նման պայմանագրեր կնքել, որովհետև դա միջազգային պայմանագրի բաղկացուցիչ մասն է, ուստի այդ պայմանագրերը պետք է հաստատվեն ԵՏՄ անդամ երկրների կողմից:
«Ներկայումս երկու առաջարկ կա, որ Վիետնամն ու Հնդկաստանը ԵՏՄ-ի հետ կնքեն ազատ առևտրի պայմանագիր»,- ասաց Սուրեն Կարայանը: