կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-27 18:05
Առանց Կատեգորիա

Ինչո՞ւ է Պուտինը փոշիացնում աբխազական երկաթգծի վերաշահագործման հեռանկարը

Ինչո՞ւ է Պուտինը փոշիացնում աբխազական երկաթգծի վերաշահագործման հեռանկարը

Երկու օր առաջ Սոչիում ինքնահռչակ Աբխազիայի հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է Ռուսաստանը Վրաստանի տարածքով Հայաստանին միացնող աբխազական երկաթգիծը վերագործարկելու հարցը: «Հնարավոր ենք համարում մյուս գործընկերեների հետ մտածել և ընդհանուր համաձայնության պարագայում իրականացնել այնպիսի տարանցիկ երկաթուղային նախագծեր, որոնք մի կողմից Սուխումի և Թբիլիսիի ուղղությամբ մղվում են դեպի Հայաստան, մյուս կողմից` դեպի Ռուսաստան: Կարծում եմ, որ այդպիսի նախագծերի իրագործումը անպայման կնպաստի դրանում ներգրավված և հետաքրքրված բոլոր կողմերի միջև համագործակցության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»,-ասել էր նա:

 

Այս հայտարարությամբ Ռուսաստանի նախագահը, սակայն, իրականում գրեթե վերջնականապես հօդս է ցնդեցրել Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող այդ երկաթուղին վերագործարկելու հնարավորությունները: Խնդիրն այն է, որ Պուտինն այս միտքը հնչեցրել է Խաջիմբայի հետ ռուս-աբխազական դաշնակցության և ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի ստորագրումից հետո կամ դրա շրջանակներում: Այդ պայմանագրով Աբխազիան, ըստ էության, դառնում է Ռուսաստանի տարածքի ոչ ֆորմալ մասը, քանի որ Մոսկվան ամբողջությամբ իր վրա է վերցնում նրա քաղաքական, սոցիալ-տնտեսական ապահովության և անվտանգության պատասխանատվությունը:

 

Պաշտոնական Թբիլիսին, առանց որի համաձայնության տարանցիկ երկաթուղային նմանատիպ բոլոր նախագծերը դառնում են անիրագործելի, այդ պայմանագրի ստորագրումը որակել է իբրև Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքը անեքսիայի ենթարկելուն ուղղված կոնկրետ քայլ: Հետևաբար, Պուտինի առաջարկած որևէ գաղափար կամ նախագիծ Թբիլիսին ընդունում է որպես իր անվտանգության ուղղակի սպառնալիք:

 

Եթե ՌԴ նախագահն իսկապես շահագրգռված լիներ աբխազական երկաթուղին վերաշահագործելու հարցում, ապա այն կքննարկեր ոչ թե կամ ոչ միայն Աբխազիայի նախագահի, այլ առաջին հերթին հենց Վրաստանի իշխանությունների հետ: Դա անելու փոխարեն Պուտինը նախընտրում է Վրաստանի շահերին առնչվող հարցը ոչ միայն միակողմանիորեն քննարկել վերջինիս կողմից չճանաչված սուբյեկտի ղեկավարի հետ, այլև դրանով իսկ Աբխազիան ճանաչել որպես այդ նախագծում ներգրավվող մյուս սուբյեկտների` Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի հետ իրավահավասար կողմ: Այսինքն` այս նախաձեռնությամբ Պուտինը ոչ թե աբխազական երկաթուղին վերագործարկելու խնդիրն է առաջադրում` փորձելով երկխոսության եզրեր գտնել Սուխումում և Թբիլիսիում, այլ այդ հարցը փորձում է օգտագործել որպես գործիք Աբխազիայի սուվերենությունն ընդգծելու և առնվազն տարածաշրջանային գործընթացներում նրան այդ կարգավիճակով ներգրավելու նպատակով, ինչին վրացական կողմը, բնականաբար, ոչ մի պարագայում չէր համաձայնելու:

 

Ուղղակի անմտություն է կարծել, թե Պուտինն այդ հանգամանքը հաշվի չի առել և չի կանխատեսել իր պրովոկացիոն քայլի հետևանքները: Եվ սա մի պարագայում, երբ Վրաստանում նոր իշխանության ձևավորումից հետո աբխազական երկաթգծի վերաշահագործման իրական հույսեր էին արթնացել, քանի որ, ըստ էության, Թբիլիսին պատրաստ էր քննարկել այդ հարցը, առնվազն 2012թ. այն եղել է հայ-վրաց-ռուսական կուլիսային բանակցությունների առարկա, որի մասին, ի դեպ, արտահայտվել է նաև այդ ժամանակ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արթուր Բաղդասարյանը: Այն ժամանակ թե' վրացական և թե' ռուսական կողմերը կարծես համաձայն էին շրջանցել Աբխազիայի կարգավիճակը: Մինչդեռ հիմա, փաստորեն, Ռուսաստանը ոչնչացնում է այդ` իրականում դժվարությամբ ձեռք բերված արդյունքը և առաջարկում ի սկզբանե Վրաստանի կողմից մերժելի և, ըստ այդմ, ձախողման դատապարտված նոր լուծում:

 

News.am-ի հետ զրույցում Վրաստանի ինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին նշել է, թե Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը երբեք չի վերականգնվի, եթե դրան ուղղված բանակցություններում Աբխազիան մասնակցություն ունենա որպես իրավահավասար կողմ: Նման մոտեցումը պայմանավորված է երկաթգծի վերաշահագործումն իբրև տնտեսական նախագիծ դիտարկելու` վրացական իշխանությունների հակվածությամբ, քանի որ անգամ ռուս-աբխազական այս պայմանագրի առկայությամբ վրացական կողմը հիմա էլ առաջարկում է վերադառնալ 2012թ. համաձայնեցված նախկին ձևաչափին, այսինքն` Աբխազիայի կրգավիճակի անտեսմանը: Բայց Խաջիմբայի հետ միակողմանիորեն հարցը քննարկելու` Պուտինի քայլը, ուղղակի, թե անուղղակի, ամրապնդում է Սուխումի դիրքերը և առիթ տալիս վերջինիս խոսելու նախապայմանների լեզվով:

 

Բնական հարց է առաջանում, թե Մոսկվայի ինչի՞ն էր պետք չեղած տեղից նման պրոբլեմների հարուցումը և երկաթգծի վերաշահագործման հարցը օրակարգից հանելը: Գործնականում կարող է լինել երկու պատճառ: Նախ` այս ամենը տեղի է ունենում Վրաստանում ՆԱՏՕ-ի` որևէ մակարդակով ծավալման հեռանկարը խափանելու կանխարգելիչ քաղաքականության համատեքստում, և դա այս պահին Մոսկվայի համար գուցե առավել ակտուալ է, քան երկաթգծի շահագործումը և դեպի հայաստանյան իր ռազմաբազա նոր հաղորդակցության հնարավորությունների ստեղծումը:

 

Երկրորդ` դա կարող է պայմանավորված լինել Ադրբեջանի նկատմամբ տնտեսական-կոմունիկացիոն ազդեցության մեծացման հրամայականով և այդ երկրի տարածքով դեպի Իրան դուրս գալու երկաթուղային նոր հանգույց ստեղծելու շուրջ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև նոր պայմանավորվածությունների ձեռքբերմամբ: ՌԴ Պետդումայի տրանսպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Եվգենի Մասկվիչովը օրերս հայտարարել է, թե «Ռուսական երկաթուղի» ընկերությունը մտադիր է կառուցել և էլեկտրաֆիկացնել Իրանից Ադրբեջանով դեպի Ռուսաստան երկաթգիծ: «Վերջին երեք-հինգ տարվա ընթացքում ձևավորվել է երկկողմ լիակատար փոխըմբռնման մթնոլորտ, նախապատրաստվել են հուշագրեր երկաթուղու, ավիացիայի և ջրային հաղորդակցության ոլորտներում, և կարծում եմ` 2015թ. հուլիսի սկզբներին դրանք կստորագրվեն»,- ասել է Մասկվիչովը:

 

Ռուսաստանը «Հյուսիս-հարավ» կոմունիկացիոն նախագիծը թերևս նախընտրում է անցկացնել Ադրբեջանով` հավանաբար համարելով, որ Հայաստանին հերիք է նաև իր հովանու ներքո գոյություն քարշ տալը, և նրա խնդիրը ոչ թե տնտեսական զարգացում ապահովելն ու թուրք-ադրբեջանական շրջափակումը չեզոքացնելն է, այլ բացառապես իր ռազմաբազայի սպասարկմամբ զբաղվելը:

 

Գևորգ Դարբինյան