կարևոր
4219 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-19 18:21
Քաղաքական

Մադրիդյան փաստաթուղթը մեծ ձեռքբերում է, իշխանությունն իրեն արդարացնելու համար այդ ձեռքբերումը փոշիացնում է. Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պնդումներին։

«Որպեսզի հիմնավոր լինի իմ խոսքը, նախ ուզում եմ իմ մասին խոսել. 1992-ից եղել եմ ԱԳՆ-ում, մի քանի տարի անց նշանակվել եմ փոխնախարարի, իսկ 1998-ից նախարար եւ 10 տարի եղել եմ այդ պաշտոնում: ԱԳՆ գալու առաջին օրվանից ներգրավվել եմ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Սկզբում եղել եմ աշխտանքային խմբում, որը ղեկավարում էր Ժիրայր Լիպարիտյանը: 1995-1996 թվականներից ես եղել եմ հիմնական բանակցողը: Առ այսոր Մինսկի խմբի համանախագահների կողմից սեղանին դրվել է ԼՂ հարցի կարգավորման 6 առաջարկություն: Ես դրանց մշակման մեջ էական դեր եմ ունեցել: Առաջինը ռազմական գործողությունների դադարեցման առաջարկությունն էր, երկրորդը փաթեթային առաջարկն էր 1997-ին, նույն տարում փուլային առաջարկությունն էր: Դրանից հետո, երբ ես արդեն նախարար էի, եղավ «Ընդհանուր պետության» առաջարկը, դրանից հետո Քի Վեստի, ապա մադրիդյան առաջարկությունները: Մադրիդյանից հետո շատ բան չի փոխվել, Կազանյանը մադրիդյանի մի տարբերակն էր: Ես բոլոր փաստաթղթերում ակտիվ մասնակցություն եմ ունեցել, չակերտավոր կարող եմ ասել, որ դրա հեղինակներից մեկն եմ»,-ասաց նա՝ հավելելով, որ այո, «մադրիդյան փաստաթղթի» նախաձեռնությունը եղել է Հայաստանինը:

«Բոլոր հայամետ դրույթները՝ հանրաքվեի մասը, միջանկյալ կարգավիճակը, կորիդորը, անվտանգության խնդիրները, այդ բոլորը մեր նախաձեռնությամբ տեղ է գտել այդ փաստաթղթում:

Նիկոլ Փաշինյանը քննադատելով մադրիդյան փաստաթուղթը, ասել է, որ այդ օրերին Հայաստանի իշխանություններն ընդունելով այդ փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք, փաստորեն ճանաչել են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է՝ պնդելով, որ դրանով մենք չեղյալ ենք համարել 1991-ի ԼՂ անկախության հանրաքվեն:

Իրականում մադրիդյան փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանի մեկնաբանածի ճիշտ հակառակն է ասում: Այդ փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք ընդունելով, ադրբեջանցիները, փաստորեն, ճանաչում են, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս չէ, եւ ԼՂ ժողովուրդը իր ճակատագիրը պետք է որոշի հանրաքվեի միջոցով:

Ես իրոք չեմ հասկանում Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը, դատողությունը։ Նրան պետք է հարց տալ, նույն տրամաբանությամբ ինչո՞ւ է այսօր նա ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել, որի հիմքը լինելու է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը: Փաստորեն, ելնելով Նիկոլ Փաշնյանի տրամաբանությունից, եթե ինքը մտնում է նման բանակցությունների մեջ, որ պետք է Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, արդյոք իր տրամաբանությամբ դա չի նշանակում, որ ինքը Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի մաս: Արդյոք դրանով Նիկոլ Փաշինյանը չեղարկում է 1991-ի Հայաստանի անկախության հանրաքվեն, մեր սահմանները:

Այն, ինչ արել ենք բանակցություններով, արել ենք, որպեսզի մեր իրավունքները միջազգայնորեն ամրագրենք, որ Ադրբեջանը դա ընդունի, միջազգային հանրությունը ընդունի, ճանապարհները բացվեն, ոչ ոք մեզ չխանգարի, մենք նորմալ գոյատեւենք մեր հարեւանների հետ: Դա է եղել նպատակը:

Այդ փաստաթղթով մեզ հաջողվել է ամրագրել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Մադրիդյան փաստաթուղթը մեր դիվանագիտության կարեւոր ձեռքբերումներից մեկն էր»,-հայտարարեց Օսկանյանը:

«Հայաստանն իր անկախության տարիներին դիվանագիտական երկու կարևոր ձեռքբերում է ունեցել. առաջինը՝ 1994-ին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում էր, երբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց «կոնսենսուս մինուս մեկ» սկզբունքի վրա՝ չնայած միջազգային մեծ ճնշմանը, իսկ երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների՝ 2007-ի վերջին ներկայացրած Մարդիդյան փաստաթուղթը, որը տեղի է ունեցել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտին։ 

Այսօր իշխանությունն իրեն արդարացնելու համար մեր այդ ձեռքբերումը փոշիացնում է։ Համոզված եղե՛ք, ճիշտ դիվանագիտության ճիշտ օգտագործման պարագայում այդ փաստաթուղթը դեռևս իր ուժը չի կորցրել։ Դա հիմնարար փաստաթուղթ է, դրանով մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել»,- հայտարարեց Օսկանյանը։