կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-15 00:56
Մշակույթ

Նավթադոլարները փոշիացնում են մշակութային արժեքները

Նավթադոլարները փոշիացնում են մշակութային արժեքները

Երեկ Ժնեւում գումարվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (World Intellectual Property Organization - WIPO) հրավիրած «Մտավոր սեփականության տնտեսություն» (The economics of Intellectual Property) թեմայով հերթական գիտաժողովը: Հրավիրված էին շուրջ 40 երկրների, այդ թվում` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, ինչպես նաեւ մի շարք աֆրիկյան եւ արաբական երկրների կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացնում էր Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Սասուն Հովհաննիսյանը:

 

WIPO կազմակերպության գլխավոր տնտեսագետ Կարստեն Ֆինկի բացման խոսքից հետո զեկույցով հանդես եկավ Օքսֆորդի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Քրիստին Գրինհալխը, որին հաջորդեցին գիտաժողովի մասնակիցների ելույթներն ու հարցերը:

 

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Սասուն Հովհաննիսյանն իր ելույթի սկզբում անդրադարձել է Հայաստանում մտավոր սեփականության ոլորտում իրականացված բարեփոխումներին` ընդգծելով միջազգային փորձի ներդրման զարգացման անհրաժեշտությունը:

 

Հովհաննիսյանի ելույթի մեծ մասը վերաբերում էր Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման` որպես հայ մտավոր սեփականության ոչնչացման փաստին:

 

«2005թ. դեկտեմբերին ադրբեջանցիների կողմից պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետեւանքով վերջնականապես ոչնչացվեցին Նախիջեւանի Հին Ջուղայի գերեզմանոցի ավելի քան 5 հազար խաչքարեր` հայ բարձրարվեստ մշակույթի ինքնատիպ կոթողները, հայ ազգի մտավոր սեփականությունը»,- նշել է Սասուն Հովհաննիսյանը, ավելացնելով, որ փաստին քաղաքակիրթ մարդկությունը դեռ գնահատական չի տվել. «Ցավալի է, որ նավթադոլարները փոշիացնում են մշակութային հարստությունը»:

 

Սուսան Հովհաննիսյանը «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության» պատվիարկներին կոչ է արել իրավական գնահատական տալ Ադրբեջանից կողմից իրականացված մշակութային տեռորիզմին:

 

Սասուն Հովհաննիսյանը նաեւ առանձին քննարկումներ է ունեցավ Ֆինկի, Գրինհալխի եւ կոնֆերանսին ներկա տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, նաեւ այցելեց Ժնեւում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակ եւ ծանոթացավ կազմակերպության շտաբ-բնակարան տարբեր վարչությունների աշխատանքին: 

 

Այս մասին հայտնում է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի լրատվական ծառայությունը: