Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս-վրացական հարաբերություններում զարգացումներն ու իրադարձությունները, որպես կանոն, ծառայում են երկկողմ մեղադրանքների եւ վիրավորանքների թվաքանակն ու ընթացքն ավելացնելուն ու ուժեղացնելուն: Հերթական անգամ հակազդեցության արտահայտման առիթ են դարձել ինչպես աբխազական երկաթգծի` ռուսական միջոցներով վերանորոգելու ծրագրի իրականացումը, այնպես էլ Հարավային Օսիայում ռուսական բազայի սպառազինության ավելացումը:
Նախ, աբխազական երկաթգծի վերանորոգման մեկնարկի առնչությամբ արդեն երեկ Աբխազիա է ժամանել ռուս երկաթգծայինների վերանորոգման առաջին ջոկատը: Եվս մեկ ջոկատ Սուխումում կլինի հունվարի 27-ին: Այս մասին, ըստ «Ապսնիպրես» գործակալության, տեղեկացրել է «Աբխազական երկաթուղիե ընկերության ղեկավար Գուրամ Գուբազը: Նրա խոսքերով, վերանորոգման ջոկատների եւ սարքավորումների, տեխնիկայի տեղ հասնելու հետ անմիջապես կմեկնարկեն վերականգնողական աշխատանքները աբխազական երկաթուղու որոշ հատվածներում` Պսոու գետից մինչեւ Օչամչիր` ռուս-աբխազական սահմանից մինչեւ Արեւելյան Աբխազիայի խորքը:
Դեռեւս նախորդ տարեվերջին ստորագրված ռուս-աբխազական միջկառավարական համաձայնագրով Աբխազիային Ռուսաստանը կհատկացնի 2 մլրդ ռուբլու (մոտ 67 մլն դոլար) պետական արտահանման վարկ` երկաթգծի վերականգնման համար: Եվ քանի որ երկաթգծի կառավարումը տասը տարով հանձնվել է Ռուսաստանին, վերականգնման այս աշխատանքները նախատեսված են հենց այդ կառավարման համաձայնագրով:
Ինչ վերաբերում է Հարավային Օսիայում ռուսաստանյան բազայի սպառազինության ծավալների մեծացմանը, ապա ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ դեռեւս երկուշաբթի տեղեկացրել էին, թե Ռուսաստանը Հարավային Օսիա է հասցրել գործողության մինչեւ 120 կմ շառավիղ ունեցող «Տոչկա-Ու»օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիր: Վրաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, որ այդ քայլի նպատակն է «վրացական պետականության վերացումն ու տարածաշրջանում իրավիճակի ապակայունացումը»:
Իսկ այս ֆոնին մի կերպ ընթացող ժնեւյան բանակցությունները` կարգավորելու Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները, բավականին իմաստազուրկ են դառնում, ինչի նման իրավիճակ է ձեւավորվել նաեւ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքին զուգահեռ շփման գծում տեղի ունեցող միջադեպերի ավելացման ու զոհերի առկայության պայմաններում: Միեւնույն ժամանակ նշենք, որ աբխազական երկաթուղին հեռանկարային առումով մեծ կարեւորություն ունի նաեւ Հայաստանի համար, եթե, իհարկե, հնարավոր լինի երկաթուղու այդ հատվածին միանալ վրացական երկաթգծով: