կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-14 18:47
Առանց Կատեգորիա

Աբխազական միջանցք, կամ ինչի մասին լռեցին Սարգսյանն ու Պուտինը

Աբխազական միջանցք, կամ ինչի մասին լռեցին Սարգսյանն ու Պուտինը

Կրեմլում մարտի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին, ակնարկել էր առկա որոշ խնդիրների մասին. «Համաձայն եմ Ձեզ հետ, որ տնտեսական հարաբերություններում ևս առաջընթաց կա: Իհարկե, այստեղ կան հարցեր, բայց մենք հուսով են ստանալ Ռուսաստանի աջակցությունը»:

 

Թե կոնկրետ ի՞նչ նկատի ուներ Սարգսյանը, դժվար է ասել. միայն անցած տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է մոտ 20 տոկոսով, ռուսական ներդրումների ծավալն արդեն կազմում է ավելի քան 3 մլրդ դոլար, իսկ Պուտինը հատուկ ընդգծեց, որ ՌԴ-ն հակված է համատեղ մշակվող ծրագրերի շրջանակում ավելի մեծ ու լուրջ ներդրումներ կատարել Հայաստանում:

 

Երկու երկրների տնտեսական հարաբերությունների օրակարգում, ըստ էության, երկու հարց կարող էր լինել, որոնց, մասին, սակայն, գոնե հանդիպման արարողակարգային հատվածում, որևէ բան չասվեց: Դրանցից մեկը ներկրվող ռուսական գազի սակագնի հստակեցումն է, երկրորդը` միանշանակ աբխազական երկաթգծի շահագործման հեռանկարը:

 

Մի քանի օր առաջ «Հայռուսգազարդը» հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի` ապրիլին գազի սակագնի փոփոխություն չի լինելու: Ընկերությունը, սակայն, չհստակեցրեց, թե որքան ժամանակով: Ըստ էության` այս հարցի կապակցությամբ անորոշությունը պահպանվում է, որովհետև այն ընկած է Մաքսային միության մեջ Հայաստանին ներքաշելուն ուղղված` Երևանի հետ ընթացող ուղղակի և հեռակա բանակցությունների հիմքում: Չի կարելի բացառել, որ այդ հարցը եղել է Սարգսյան-Պուտին վերջին հանդիպման օրակարգային հիմնական հարցերից մեկը: Պատահական չէր, թերևս, որ դեռ Սարգսյանի` Մոսկվա այցելությունից առաջ Կրեմլի պաշտոնական կայքէջում նշված էր, թե նախագահների քննարկելու են նաև հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր, մինչդեռ բուն հանդիպման հրապարակային մասում դրան ոչ մի անդրադարձ այդպես էլ չեղավ:

 

Ի տարբերություն գազի սակագնի, շատ ավելի առարկայական են դառնում աբխազական երկաթգծի վերաշահագործման հնարավորությունները: Դրանց ուղղակի անդրադարձ Սարգսյանի և Պուտինի հանդիպման ժամանակ ևս չի եղել: Սակայն փաստը, որ Սերժ Սարգսյանի հետ միաժամանակ Կրեմլ էր հրավիրվել նաև Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը, որին Պուտինն ընդունեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանը սկսում է այդ ուղղությամբ գործնական քայլերի դիմել: Իրականում աբխազական երկաթգծի վերաշահագործումը Մոսկվային անհրաժեշտ է թերևս ոչ պակաս, քան Հայաստանին: Նախ` դա միջոց է Երևանին զրկելու Մաքսային միությանը չմիանալու պատճառաբանություններից ու պատրվակներից: Երկրորդ` այն հնարավորություն է տալիս վերականգնելու Գյումրու 102-րդ ռազմաբազայի հետ ցամաքային հաղորդակցությունը, որը չեզոքացված էր բազան զինամթերքով ապահովելու նպատակով իր տարածքը չտրամադրելու` Սահակաշվիլիի դիրքրոշման պատճառով:

 

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, Գաբալայի ՌՏԿ-ից դուրս մղումը Մոսկվայի համար մեծացնում են հայաստանյան փոքրիկ ռազմակայանի ստրատեգիական արժեքը և առաջին պլան մղում ցամաքային կարճ և համեմատաբար էժան կապի ապահովումն ու բազայի տեխնիկական հագեցվածության ապահովումը:

 

Չի կարելի բացառել, որ հենց այս հարցերը քննարկելու համար էլ օրեր առաջ Երևան էր այցելել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիյան: Ուշագրավ է, որ հենց պաշտպանության նախարարը հարկ համարեց Երևանում վերահաստատել վրացական իշխանությունների` այդ երկաթգիծը շահագործելու պատրաստակամությունը: Կարելի է կարծել, որ կա'մ Իվանիշվիլիի վարչակարգի համար այդ երկաթգծով Գյումրու ռազմաբազան սպասարկելն այլևս չի դիտարկվում իբրև Վրաստանի անվտանգությանն սպառանող մարտահրավեր, կա'մ դա ևս դարձվում է Ռուսաստանի հետ բանակցությունների առարկա:

 

Այսօր Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իրենք ունեն Ռուսաստանի և Վրաստանի միջև Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգնման կամք: Սակայն վարչապետը նաև նշել է, որ այդ հարցն իրենք դիտարկում են որպես ռուս-վրացական օրակարգային հարցերի փաթեթի մաս: Սա, իհարկե, որոշակիորեն կարող է բարդացնել իրավիճակը` հաշվի առնելով, որ «փաթեթի» ներքո վրացական կողմն առաջին հերթին նկատի ունի Աբխազիայի և Հարավային Օսիայի` իրենց ձևակերպմամբ Ռուսաստանի կողմից «օկուպացվելու» խնդիրը:

 

Սակայն, մյուս կողմից, Վրաստանը նաև Ռուսաստանի հետ առևտրային կապերի վերականգնման խնդիր է առաջադրել: Նախ` Ռուսաստանը վրացական գինիների և հանքային ջրերի համար բացեց իր շուկան, իսկ այսօր արդեն Իվանիշվիլին հայտարարում է, որ պատվիրակություն է ուղարկում Մոսկվա` քննարկելու  նաև գյուղմթերքի լայն տեսականի Ռուսաստան արտահանելու հարցը: Եթե այդ բանակցությունները հաջողություն արձանագրեն, ապա վրացական կողմը նաև տնտեսապես շահագրգռված կլինի աբխազական երկաթգծի շահագործման հարցում:

 

Սակայն Թբիլիսին գործում է չափազանց զգուշորեն` փորձելով նվազեցնել Ռուսաստանի հետ մերձեցման համատեքստում Արևմուտքից ավելի ու ավելի սաստկացող ճնշումները: Երկու օր առաջ Վրաստանի խորհրդարանը հռչակագիր ընդունեց երկրի արտաքին քաղաքականության և կողմնորոշումների վերաբերյալ, որով Իվանիշվիլիին արգելում էր Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ որևէ բանակցություն վարել: Դրան կողմ էին արտահայտվել նաև Իվանիշվիլիին սատարող դաշինքի պատգամավորները, և սա ակնհայտորեն Արևմուտքի բերանը փակելու նպատակ էր հետապնդում: Որքանով կկարողանա այս բեռի տակից դուրս գալ Իվանիշվիլիի վարչակազմը, այնքանով ավելի իրատեսական կդառնա վրաց-աբխազական երկաթգծի վերաշահագործումը:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ