Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նոյեմբերի 27-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում հանդիպել է գործարանի ղեկավարության ու աշխատակիցների հետ. հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման նպատակն էր գործարանի աշխատակազմին մեկ անգամ եւս ներկայացնել կառավարության մոտեցումները «Նաիրիտում» ստեղծված իրավիճակի, գործարանի վերագործարկման, ինչպես նաեւ աշխատավարձի գծով պարտքի մարման հարցերի շուրջ:
Նախարարի խոսքով, արդեն տեւական ժամանակ «Նաիրիտ գործարանում» առկա է սոցիալական լարվածություն՝ կապված չվճարված աշխատավարձերի եւ աշխատակիցների հետագա ճակատագրի հետ: Խնդիրները մշտապես հանրապետության նախագահի ու վարչապետի ուշադրության կենտրոնում են:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքով՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտքն այսօր արդեն կազմում է մոտ 102 մլրդ դրամ, որից 6 մլրդ դրամը՝ աշխատավարձի գծով պարտքն է, 63 մլրդ-ը՝ վարկային պարտավորություններ են, 20 մլրդ-ը՝ պարտք է Երեւանի ՋԷԿ-ին, 8,5 մլրդ-ը՝ բյուջետային պարտք է, 1,4 մլրդ-ը՝ պարտք է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, իսկ 1,2 մլրդ-ը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը:
Նախարարի խոսքով՝ իրավիճակն իսկապես անհանգստացնող է: Աշխատակիցների վրդովմունքը, բողոքն ու պահանջները հասկանալի են եւ արդարացված: Վերջին մի քանի տարիների ընթացքում «Նաիրիտի» պահպանության ծախսերը, ինչպես նաեւ աշխատավարձերի վճարումները իրականացվել են էներգետիկ համակարգի ընկերությունների տրամադրած միջոցների հաշվին (փոխառությունների տեսքով), որոնք իրենց հերթին այսօր ծանր ֆինանսական վիճակում են:
«Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ նախարարը տեղեկացրեց, որ Համաշխարհային Բանկի կողմից գործարանում կիրականացվի տեխնիկական աուդիտ: Մինչեւ 2015թ.-ի փետրվար Երեւանի կայցելեն ՀԲ ներկայացուցիչները եւ «Նաիրիտի» մասնագետների հետ աշխատելով կուսումնասիրեն վերագործարկման հնարավորությունները: Նախարարը հույս հայտնեց, որ աուդիտի արդյունքները պարզ կլինեն մարտ ամսին, եւ դրական եզրակացության դեպքում կառավարությունը կդիմի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի կառավարման մարմիններ՝ վերագործարկման համար միջազգային մրցույթ անցկացնելու նպատակով: Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ նման ընթացակարգը պարտադիր է, քանի որ կառավարությունը ,,Նաիրիտում,, ունի մոտ 10 տոկոս բաժնեմաս, ուստի՝ իրավական որոշումներ կայացնելու իրավասությունը վերապահված է միայն գործարանի տնօրենների խորհրդին:
Ինչ վերաբերում է աշխատավարձի գծով պարտքին, ապա, նախարարի հավաստմամբ, մոտ օրերս գործարանի աշխատակիցները կստանան 1 ամսվա աշխատավարձ, իսկ մինչեւ դեկտեմբերին՝ եւս 1 ամսվա:
-Գիտակցում ենք, որ ՀՀ սահմանադրությամբ պարտավոր ենք պաշտպանել Ձեր իրավունքները: Եվ կառավարությունը եւ նախարարությունը պատրաստ են հետեւողական լինել: Լինել Ձեր կողքին եւ համապատասխան աջակցություն ցույց տալ ձեր խնդիրների լուծման գործում, բայց կառավարության կողմից արված յուրաքանչյուր քայլ պետք է լինի իրավական տեսանկյունից հիմնավորված,- ,,Նաիրիտի,, աշխատակիցներին ասաց Երվանդ Զախարյանը:
Նախարարը նշեց նաեւ, որ չվճարված աշխատավարձերին վերաբերող մնացած խնդիրներով պետք է զբաղվի գործարանի տնօրենների խորհուրդը: Նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրեց նաեւ, որ գործարանի աշխատակիցների կրճատման խնդիրը եւս տնօրենների խորհրդի իրավասությունների շրջանակում է:
Երվանդ Զախարյանի խոսքով՝ այս ընթացքում գործարանի 178 աշխատակից ստացել է բավական բարձր աշխատավարձ՝ 400 հազարից մինչեւ 2մլն 600 հազար դրամ, ինչը բոլորովին արդարացված չէ ստեղծված իրավիճակում: