կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-24 13:30
Տնտեսական

«Նաիրիտ»-ում ներդրումներ անելու վերաբերյալ «Ռոսնեֆտի» կողմից նոր ինֆորմացիա չկա

«Նաիրիտ»-ում ներդրումներ անելու վերաբերյալ «Ռոսնեֆտի» կողմից նոր ինֆորմացիա չկա

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին, թե «Ռոսնեֆտի» նկատմամբ կիրառվող սանկցիաները ի՞նչ ազդեցություն կամ հետեւանք կունենան: Նախարարը պատասխանեց, թե իրավիճակին մանրամասն չի ծանոթացել, ուստի դժվար է հիմա ինչ-որ կոնկրետ բան ասել:

 

«Այդ սանկցիաները, որքան ես տեղյակ եմ, մի քանի աստիճանի են լինում, եւ այսօր դրան հստակ գնահատական տալ, նույնիսկ ես որքան տեղյակ եմ, ռուս փորձագետներն էլ հստակ չեն կարողանում ասել, թե ազդեցությունն ինչպիսին կլինի: Որովհետեւ ցանկացած սանկցիա միշտ հակազդեցություն է ունենում, եւ այստեղ ես չէի ուզի, որ ոչ պրոֆեսիոնալ որեւէ մոտեցում լիներ: Իսկ պրոֆեսիոնալ առումով կարող եմ ասել, որ ճիշտ գնահատական տալն այսօր դժվար կլինի»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:

 

Լրագրողների դիտարկմանն էլ, թե այդ հարցում նախարարի տիրապետած ինֆորմացիան ավելի շատ է, նա արձագանքեց, որ «Ռոսնեֆտի» հետ ամենօրյա կապի մեջ չէ, եւ իր ունեցած տեղեկատվությունն էլ սահմանափակվում է նրանով, ինչ  նշվում է «Ռոսնեֆտի» հայտարարություններում:

 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք կա՞ն հույսերը, որ «Նաիրիտի» հետ կապված գործարքը կկայանա, ու «Ռոսնեֆտը» ներդրումներ կանի «Նաիրիտ»-ում: Էկոնոմիկայի նախարարը պատասխանեց, թե առայժմ նոր տեղեկատվություն չկա, եւ մտադրությունների առումով մնում է այն ինֆորմացիան, ինչ կար սանկցիաներից առաջ: