Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2017-ին ՀՀ ԿԳՆ բյուջեի ծախսերը, ընդհանուր առմամբ, կազմել են 124.4 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրի 99.6 տոկոս կատարողական: 2016-ի համեմատ՝ կրթության բնագավառի ծախսերն աճել են 1.6 տոկոսով: Այս մասին ԱԺ-ում 2017-ի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ բյուջեում կան տողեր, որոնք վիճահարույց են, օրինակ` գերազանցության ծրագրին տրամադրվող ավելի քան 600 մլն դրամը, կամ` աշակերտների ամառային հանգստի ծրագրին հատկացվող 480 մլն դրամը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղելուց առաջ ասաց, որ նկատեց՝ նախարարը ծախսերը ներկայացնելիս այդպես էլ չկիրառեց «կոռուպցիա» բառը: «Ես որևէ բարդույթ չունեմ՝ հնչեցնելու այն, ինչի մասին մենք բարձրաձայնել ենք. տարիներ շարունակ կրթական համակարգը նստած է եղել կոռուպցիայի թմրասեղի վրա: Ես ձեզ հորդորում եմ զբաղվել ԵՄ-ից ստացված գումարներով իրականացվող ծրագրերի ուսումնասիրմամբ: Ես կոչ չեմ անում հրապարակում կախաղան դնել և բոլորին կախել, բայց եթե չի լինելու պատասխանատվություն, և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու, եթե պետք է հավաքվենք, ասենք-խոսենք ու գնանք մեր գործերով, որևէ բան չի ստացվի: Ես կուզեի նաև, որ անդրադառնայիք «Այբ» դպրոցի էպոպեային»,- ասաց պատգամավորը:
Հարությունյանը պատասխանեց, որ նախարարներից վերջին շրջանում ամենաշատը երևի ինքն է խոսել, և մի քիչ անտեղի էր իրեն կոռուպցիայի մասին չխոսելու համար մեղադրելը: Ինչ վերաբերում է դրամաշնորհներին, ապա, նախարարի խոսքով, նախորդ իշխանություններին տվել են շատ գումարներ` կոռուպցիայի դեմ պայքարելու համար, սակայն ոչինչ չի արվել: «Կուզեի կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսել կոնկրետ կետերով, սակայն 3 շաբաթ է, որ աշխատում եմ, և դեռ շուտ է: «Այբ»-ի հետ կապված կարող եմ ասել, որ խնդրել եմ մեր ԿԳՆ-ի աուդիտի բաժնին, որ ուսումնասիրություն կատարեն: Բայց, անկեղծ ասած, ավելի հրատապ խնդիրներ էլ կան: Երբ աուդիտի արդյունքները պարզ լինեն, ես կտեղեկացնեմ պատասխանի մասին»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի խորհրդական Մեսրոպ քահանա Արամյանի մասին նախարարի հնչեցրած կարծիքին, ապա, Հարությունյանի խոսքով, գնահատականները եղել են քաղաքական` կապված նրա քաղաքական գործունեության հետ: «Քաղաքական գործունեության արդյունքը, որ պետք է համակարգն ունենար, կրթական ոլորտի տոտալ էլիտարիզացումն էր: Այսինքն՝ ստեղծվելու էին գերազանցության կենտրոններ, որտեղ որոշակի խմբի մարդկանց վերահսկողության տակ գտնվելու էին բավականին լավ գիտելիք ունեցող երեխաներ, ու սրանով նվազեցնելու էինք մյուս դպրոցների դերը»,- ասաց նախարարը: