Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 18-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է «Պետական կառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից մշակված կամ նրանց առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի դրույթները:
Քննարկմանը մասնակցել են «Իրավունքի գերակայություն» ՀԿ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Արևհատ Գրիգորյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ Շուշան Դոյդոյանն ու Գևորգ Հայրապետյանը:
Նախարարի տեղակալը ներկայացրել է օրակարգային հարցերը և նշել, որ արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպությունների առաջարկով տեղեկանք է ուղարկել կառավարություն, այն մասին, որ պետական կառավարման ոչ բոլոր մարմիններում են նշված տեղեկատվության տրամադրման պատասխանատու անձինք:
«Այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր են արվել. Մասնավորապես` նախարարությունները նշանակել են տեղեկատվության տրամադրման պատասխանատու անձանց, ում տվյալները տեղադրվելու են գերատեսչությունների կայքերում: Այս կարգավորումով ստեղծվելու է նաև դիմումատու-պատասխանող կապի իրականացման արդյունավետ մեխանիզմներ, բարձրանալու է տեղեկատվություն ստանալու արդյունավետությունը»,- ասել է Սուրեն Քրմոյանը:
Նա հավաստել է՝ կառավարությունը հետևողական է այս հարցում, և մշակվող կարգով պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով նշանակվելու է պատասխանատու պաշտոնատար անձ և լրացուցիչ պատասխանատու պաշտոնատար անձինք՝ ըստ առանձնացված ստորաբաժանումների:
Քննարկման մասնակիցները կարևորել են հետագայում պատասխանատու պաշտոնատար անձանց համար կրթական ծրագրեր մշակելու և վերապատրաստումներ իրականացնելու անհրաժեշտությունը:
Ըստ ներկաների՝ անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություններ կատարել օրենսդրական ոլորտում, քանի որ 11 տարի առաջ ընդունված` տեղեկատվության ոլորտը կարգավորող օրենսդրությունն արդեն բարեփոխման կարիք ունի: Նախարարի տեղակալը նշել է, որ այդ ուղղությամբ էլ արդարադատության նախարարությունը պատրաստ է քննարկումներ ծավալել, լսել առաջարկություններ:
Անդրադարձել են նաև էլեկտրոնային հարցումների իրականացման ընթացակարգին և հարցումների համար գանձվող պետական տուրքի սահմանված չափին, հարցումներին տրվող թերի, ոչ լիարժեք պատասխաններին առնչվող հարցերին:
Սուրեն Քրմոյանը ՀԿ-ների ներկայացուցիչներին առաջարկել է բարձրացվող խնդիրների վերաբերյալ ներկայացնել հստակ առաջարկություններ և նշել, որ բարեփոխումների ողջ գաղափարախոսությունը քաղաքացու համար առավել ընդունելի և մատչելի ծառայությունների մատուցումն է:
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը ներկաներին խնդրել է տասնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել նախագծի վերաբերյալ՝ մինչև դրա վերջնական տեսքի բերելը, և հավելել, որ մյուս հանդիպումն ուղղված կլինի տեղեկատվությունը կարգավորող օրենսդրական դաշտի քննարկմանը: