կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-17 11:43
Տնտեսական

''Կադաստրից տեղեկատվության տրամադրման մերժում'' հասկացություն գոյություն չունի. կոմիտեի փոխնախագահ

''Կադաստրից տեղեկատվության տրամադրման մերժում'' հասկացություն գոյություն չունի. կոմիտեի փոխնախագահ

Վերջին տարիներին` անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում էլեկտրոնային համակարգի տեղադրումից հետո, կտրուկ նվազել են քաղաքացիների դիմումների հիման վրա գրանցումների մերժումներն ու կասեցումները. լրագրողներին այսօր հայտնեց կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը: Նա ներկայացրեց նաեւ գրանցման եւ տեղեկատվության տրամադրման դիմումների մերժումների քանակը:

 

«2008 թվականի` 38-40 տոկոս մերժումների համեմատ` 2013 թվականին գրանցման եւ տեղեկատվության տրամադրման բոլոր դիմումների ընդամենը 5 տոկոսն է մերժվել կամ կասեցվել, դրանք էլ գրանցման դիմումներն են: Իսկ տեղեկատվության դիմումների համար ընդհանրապես վերացվեց մերժում հասկացությունը: Եթե քաղաքացին կամ իրավաբանական անձը տեղեկատվություն է ուզում, դրա մերժում հասկացությունն այսօր ընդհանրապես գոյություն չունի»,- ասաց Աշոտ Մուսայանը:

 

Նա տեղեկացրեց, որ, մերժումների քանակից ելնելով, նախկինում գրանցման եւ տեղեկատվության տրամադրման մերժման հիման վրա բավականին մեծ քանակությամբ դատական վեճեր էին լինում: Իսկ այսօր կտրուկ նվազել են նաեւ դատական վեճերին մասնակցությունները` ընդհանրապես գրանցումների ու տեղեկատվության տրամադրման առումով:

 

«Եթե 2008 թվականի ընթացքում ունեցել ենք 122 դատական վեճեր, 2009-ին նվազել ու հասել է 45-ի, որը 45 տոկոս է կազմում, 2010 թվականին` արդեն 40, որը 15 տոկոս է, 2011 թվականին` 38` 5 տոկոսով է նվազել, 2012 թվականին` 24, որն արդեն 37 տոկոսով է նվազել, եւ 2013 թվականին ընդամենը 19 դատական վեճ ենք ունեցել: Այս դատական վեճերի ցուցանիշներն արդեն ապացուցում են աշխատանքների արդյունավետությունը»,-  ներկայացրեց բանախոսը:

 

Նախկինում անշարժ գույքի նկատմամբ բոլոր գործարքները իրականացվում էին միայն նոտարական կարգով վավերացմամբ: 2012 թվականի արմատական բարեփոխումներից հետո քաղաքացիներին հնարավորություն է տրվել նաեւ իսկության ճանաչման գործարքներ կնքել կադաստրի համակարգով: Աշոտ Մուսայանն այս կապակցությամբ ասաց, որ կադաստրի համակարգով կնքված գործարքներով առ այսօր որեւէ դատական վեճ չեն ունեցել:

 

«Այս համակարգով 2012 թվականին առաջին անգամ էր, որ իսկության ճանաչմամբ էին գործարք կնքում. ընդհանուր 8 հազար էր կազմել գործարքների քանակը, իսկ 2013 թվականին արդեն 13 հազար գործարք է կնքվել կադաստրի պետական կոմիտեի կողմից»,- տեղեկացրեց Աշոտ Մուսայանը: