Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործադիրը որոշում է ընդունել արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության կարգը սահմանելու վերաբերյալ: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ նախագծի նպատակն է սահմանել արտաքին քաղաքական ոլորտում պետական մարմինների ամենօրյա փոխգործակցության և տեղեկատվության փոխանակման ընթացակարգերը՝ հնարավորություն տալով պետական համակարգում ապահովել միասնական արտաքին քաղաքականության իրագործումը, ՀՀ կառավարության ծրագրի կատարումը։ Առաջարկվում է ստեղծել միջպետական երկկողմ և բազմակողմ հարաբերություններում կառավարության առավել միասնական, ընկալելի և երկրի անվտանգության և զարգացման համալիր տեսլական ունեցող գործընկեր լինելու ամրապնդմանը նպաստող գործուն մեխանիզմ: Արդյունքում ակնկալվում է, որ կառավարության կողմից կկատարվեն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Պետական արարողակարգի մասին» օրենքների դրույթները:
Վարչապետը, ընդգծելով նախագծի կարևորությունը, նշել է, որ դրանով նախատեսվում է իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխում, որի արդյունքում կստեղծվի ինստիտուցիոնալ բազա՝ ՀՀ պետական պաշտոնյաների արտերկրում ծավալած գործունեության և միջազգային գործընկերների հետ պայմանավորվածությունների վերաբերյալ: «Այստեղ կարևոր է նաև արձանագրել, որ այս ամենն արվում է պետական պաշտոնյաների արտաքին հարաբերությունները ճիշտ կազմակերպելու համար, և ԱԳՆ-ն այդ ամբողջ գործընթացը նաև սպասարկելու շատ կարևոր գործառույթ պետք է իրականացնի, որովհետև մենք, ցավոք, այս ընթացքում հանդիպել ենք իրավիճակների, երբ չգիտենք նախկինում ինչ է խոսվել, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Նույնիսկ երբեմն լինում է, որ խնդիրներ ենք ունենում ճշտելու, թե մեր կառավարության անդամները որտեղ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել, և կարող են որոշակի հակասություններ առաջանալ: Այնպես որ դա շատ կարևոր է: Բայց այստեղ, պարոն Մնացականյան, ուրիշ կարևոր բան կա. կարևոր է համոզվել, որ կան այդ ամբողջ տեղեկատվությունը մշակելու և գործնական կիրառման համար պիտանի նյութ դարձնելու մասնագիտական, տեխնիկական և կառուցվածքային կարողություններ, որովհետև եթե այդ ամենն ուղղակի դարակներում նստելու է, դա ուրիշ թեմա է, որովհետև եթե ռեալ մշակվելու է, դառնալու է կառավարության և բարձրաստիճան պաշտոնյաների համար օգտագործելի և կիրառելի նյութ, պրակտիկա, դա բոլորովին ուրիշ բան է: Այնպես որ այս որոշումն, այո, կարևոր է, բայց սրանից նաև շատ մեծ պատասխանատվություն է բխում Արտաքին գործերի նախարարության համար, որովհետև պետք է բոլորը տեսնեն, որ այս ամեն ինչի արդյունքում արտաքին հարաբերություններում իրենց գործը հեշտացել է և իրենք զրոյից չէ, որ պետք է սկսեն որևէ հարաբերություն կառուցել: Դրա համար ինստիտուցիոնալ հիմք գոյություն ունի», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտարկումներ: Վարչապետը նշել է, որ մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտա հընթացս ավելի լավ հասկանալ դրա էությունը, լրամշակել և բարելավել այն: