կարևոր
3919 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-13 17:40
Քաղաքական

Իրավապահ մարմինների կողմից իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածման նպատակն է կեղծ հիմքեր ստեղծել այս ապօրինի քրեական գործը շարունակելու համար․ ՀՅԴ ԳՄ

Իրավապահ մարմինների կողմից իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածման նպատակն է կեղծ հիմքեր ստեղծել այս ապօրինի քրեական գործը շարունակելու համար․ ՀՅԴ ԳՄ

Խստորեն դատապարտում ենք Քննչական կոմիտեի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով օգոստոսի 25-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Դաշնակցության անդամների և համակիրների բնակարաններում խուզարկությունների, ձերբակալությունների և հարցաքննությունների վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ տեղ գտած առերևույթ կեղծ տեղեկությունների և օրենքի խախտումների վերաբերյալ, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ այս շինծու գործի նպատակն է շեղել հանրության ուշադրությունը օրվա քաղաքական իշխանությունների հայրենադավ ծրագրերից, կասեցնել դրանց դեմ պայքարող անձանց և ուժերին:

Ոտնահարելով անմեղության կանխավարկածը, փորձելով քողարկել իր ապօրինությունները, քննչական կոմիտեն այս հաղորդագրությամբ փորձում է հանրության մոտ ստեղծել տպավորություն՝ թե իբր իրականացված խուզարկությունների արդյունքում «պարզվել է», որ հայրենադավ իշխանությունների դեմ պայքարող անձինք հավաքներին մասնակցել են նյութական շահադրդությամբ: Սա ոչ միայն անարգանք է հայրենիքի համար պայքարողների հասցեին, այլև ունի նպատակ՝ վարկաբեկելու այդ պայքարը, «Հայաստան դաշինքը», Դաշնակցությունը, ստեղծի «հիմքեր» նոր ձերբակալություններ և ակնհայտ ոչ իրավաչափ ձերբակալված անձանց նկատմամբ կալանավորումներ իրականացնելու համար:

Իրավապահ մարմինների կողմից իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումը նպատակ է հետապնդում կեղծ հիմքեր ստեղծել այս ապօրինի քրեական գործը շարունակելու, դատական ատյաններում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները «հիմնավորելու» նպատակ:

Ակնհայտ քաղաքական հետապնդման այս ամոթալի վարքագծի փոխարեն քննչական կոմիտեն և դատախազությունը պարտավոր էին քրեական հետապնդում նախաձեռնել ապօրինի գաղտնալսման համար, այլ ոչ թե ապօրինիությունների միջոցով մաս դառնալ հայրենադավ ծրագրեր իրականացնմանը կամ անխնա օգտագործման գործիք դառնալ այդ ծրագրերը իրականացնողների ձեռքին:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

13․01.2022 թ․, Երևան