Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող` ֆինանսական բուրգի գործով այսօրվա դատական նիստում վկայություն տվեց Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի օգնականը` Սարգիս Սարգսյանը:
Նա նախկինում աշխատել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության տնտեսական բաժանմունքում` որպես ավագ տեսուչ, և փաստացի եղել է Նազարյանի օգնականը: Վկան դատարանում հայտնեց, որ նախաքննության ընթացքում քննիչն իրեն հարցրել է` արդյոք խոշոր գումար տվե՞լ է գործով մեղադրյալ Արթուր Անդրեասյանին, ինքը պատասխանել է` ոչ:
Նա դատարանում հաստատեց, որ երբևէ գումար չի տվել Արթուրին, և հայտնեց, որ ինքն ընդամենը կատարել է Ներսիկ Նազարյանի հանձնարարականները` ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի մոտ (Կասյան փողոցում գտնվող տարադրամի փոխանակման կետում) պարբերաբար գումարներ է փոխել, մանրել:
«Դե, ինքը (նկատի ունի Ներսիկ Նազարյանին.- խմբ.), կաբինետում նստած, հո չէ՞ր գնա չենջ` փող մանրեր»,- ասաց վկան:
Նշենք, որ, համաձայն տուժող Արտակ Գալստյանի ցուցմունքի, 2013թ. մարտին ամբաստանյալն իրեն հայտնել էր, որ բարձր տոկոսներով գումարներ է վերցրել Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից, Երևան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանի աներորդի Կարեն Մանուկյանից, Ներսիկ Նազարյանի օգնականից և այդ պատճառով հայտնվել նյութական ծանր վիճակի մեջ, և որ գումար չունի` իրեն վերադարձնելու համար:
Ի դեպ, այսօրվա նիստին դատարանը բերման էր ենթարկել երկու վկայի, ովքեր թեև մշտապես պատշաճ ծանուցվել էին, սակայն չէին ներկայացել դատարան:
Հիշեցնենք, որ այս գործով վկայի կարգավիճակում են նաև Ներսիկ Նազարյանը, նրա որդին՝ Արմեն Նազարյանը, Կարեն Բաբակեխյանը, նրա որդին՝ Ռուբեն Բաբակեխյանը: Դեռևս հայտնի չէ` հիշյալ անձինք կներկայանա՞ն դատարան, թե՞ ոչ: