կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-06 11:13
Իրավական

28-ամյա Անիի մոտ արձանագրվել էր պտղի ներարգանդային մահ, զարգացել սուր սրտանոթային անբավարարություն

28-ամյա Անիի մոտ արձանագրվել էր պտղի ներարգանդային մահ, զարգացել սուր սրտանոթային անբավարարություն

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ծննդաբերական բաժանմունքում 28-ամյա Անի Դավթյանի մահվան դեպքի առթիվ:

 

2014թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 23:20-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի բնակիչ Անի Դավթյանը 2014թ. հոկտեմբերի 24-ին` ժամը 14:00-ին, պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել էր 24 շաբաթական հղիություն, վաղաժամ ծննդաբերության սպառնալիք: 2014թ. հոկտեմբերի 25-ի առավոտյան արձանագրվել է պտղի ներարգանդային մահ, ինքնուրույն ծննդալուծվել է, որից հետո Դավթյանը էպիգաստրալ շրջանում ունեցել է ցավեր, սրտխառնոց, շնչարգելություն, նրա մոտ զարգացել է սուր սրտանոթային անբավարարություն: Կատարվել են ռեանիմացիոն միջոցառումներ, սակայն հեմոդինամիկ ցուցանիշները չեն վերականգնվել, և նույն օրը՝ ժամը 22:05-ին, Անի Դավթյանը հիվանդանոցում մահացել է:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով 05.11.2014թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառները պարզելու համար, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել. հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: