Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գաղտնիք չէ, որ աշնանը սրտանոթային հիվանդությունները սրվում են: Այսօր «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Մարինա Օրդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս եղանակին սրտանոթային հիվանդությունների ակտիվացման գլխավոր պատճառը եղանակն է` առաջին հերթին ջերմաստիճանի նվազումը:
Ըստ նրա` խոնավության բարձրացումը, գեոմագնիսական դաշտի տատանումները նույնպես ազդում են սրտանոթային համակարգի վրա: «Այս եղանակին անգամ առողջ մարդիկ կարող են սրտանոթային խնդիրներ ունենալ, իսկ արդեն իսկ ունեցողներին խորհուրդ կտամ անպայման դիմել իրենց բժշկին, որպեսզի դեղերի քանակը, գուցե անհրաժեշտության դեպքում, ավելացվի: Խոնավ, ամպամած եղանակին օդի աղտոտվածությունն ավելանում է, ինչն էլ, իր հերթին, ազդում է սրտանոթային համակարգի վրա: Մի խոսքով` եղանակն ամեն կերպ «նպաստավոր» պայմաններ է ստեղծում, իսկ մեզ մնում է հետևել առողջությանը»,- ասաց Օրդյանը:
Ըստ սրտաբանի` քանի որ կլիմայի վրա ազդել չենք կարող, փոխարենը կարող ենք պատրաստվել դրան դիմակայելուն: Օրդյանը խորհուրդ է տալիս եղանակին համապատասխան հագնվել, խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, իսկ սրտանոթային հիվանդներին` առանց հիմնավոր պատճառի քամոտ եղանակին տանից դուրս չգալ:
«Աշնանը կտրուկ ավելանում է ինսուլտների և ինֆարկտների թիվը, դրա համար էլ խորհուրդ է տրվում նաև սքրինիգային հետազոտության անցնել: Վերջին շրջանում, պայմանավորված սոցփաթեթների ընձեռած հնարավորություններով, մարդիկ սկսել են այցելել բժշկի ստուգման նպատակով, որը, սակայն, մարդկանց լայն շրջանակ չի ընդգրկում»,- ասաց բժիշկը:
Վերջին տարիներին սրտանոթային հիվանդությունները նաև երիտասարդացել են: Եթե 20 տարի առաջ, ըստ Օրդյանի, իրենք զարմանում էին, երբ 42 տարեկանի մոտ սրտամկանի ինֆարկտ էր արձանագրվում, ապա հիմա սրտամկանի ինֆարկտ են ունենում նաև 25-30 տարեկանները:
Ի դեպ, իրավիճակը մարզերում և Երևանում նույնը չէ: «Երևանում հիվանդների սոցիալական վիճակն ավելի լավ է, նրանք բժշկի ավելի հաճախ են դիմում, մարզերում պատկերը մի քիչ տխուր է»,- ասաց բժիշկը: