կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-04 13:15
Հասարակություն

1990-ականների սթրեսային կյանքն իրենն արել է` երիտասարդները սրտանոթային լուրջ խնդիրներ ունեն

1990-ականների սթրեսային կյանքն իրենն արել է` երիտասարդները սրտանոթային լուրջ խնդիրներ ունեն

Գարնանն ակտիվանում են քրոնիկ և սրտանոթային հիվանդությունները. այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը` նշելով, որ եղանակային փոփոխության ժամանակ ակտիվանում է արյան շրջանառությունը, և փոփոխությունները բացասաբար են անդրադառնում են այն հիվանդների վրա, որոնք անոթային խնդիր ունեն:

Բժշկի հավաստմամբ` անհրաժեշտ է, որպեսզի գարնան սկզբին հիվանդները դիմեն իրենց բժիշկներին կամ էլ մեկ անգամ ևս հետազոտվեն, քանի որ հնարավոր է` որոշակի փոփոխություններ կատարվեն ինչպես բուժման, այնպես էլ դեղորայքի դոզան ավելացնելու հետ կապված:

«Խորհուրդ չէի տա ինքնաբուժմամբ զբաղվել: Եթե ունեք կրծքավանդակի ցավ, սառը քրտինք, հևոց կամ գիտակցության մթագնում, պետք է անպայման դիմել բժշկի, քանի որ գանգատները կարող են վերածվել սրտամկանի ինֆարկտի կամ ինսուլտի: Մեզ մոտ մահերի ուղիղ կեսը սրտանոթային հիվանդությունների պատճառով է լինում, և սա գալիս է նրանից, որ մեզանում ցածր է առողջապահական մշակույթը, և մենք հետևողական չենք բուժման հարցում»,- ասաց Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ 2015-ի պետբյուջեով հատկացվել էր որոշակի գումար` սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիր իրականացնելու համար /սրտի 1 ստենտավորումն արժե մոտ 2 մլն դրամ/:

Հայրապետյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում 1400 մարդ է անվճար ստենտավորվել, որոնք 6 ամիս շարունակ գտնվում են հիվանդանոցների հսկողության ներքո:

Նա նշեց նաև, որ սրտանոթային հիվանդությունն ամբողջ աշխարհում երիտասարդանում է, Հայաստանում` նույնպես: «Մեզ մոտ 1990-ականների սթրեսային կյանքն իրենն արել է, և հիմա այդ սերունդը լուրջ խնդիրներ ունի»,- ասաց նա: