կարևոր
4267 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-16 23:55
Աշխարհ Քաղաքական

Հայերի միայն 13 տոկոսն է աջակցում Փաշինյանին. նա կորցրել է իր մանդատը. անհրաժեշտ են նոր ընտրություններ

Հայերի միայն 13 տոկոսն է աջակցում Փաշինյանին. նա կորցրել է իր մանդատը. անհրաժեշտ են նոր ընտրություններ

2024 թվականի հուլիսի 3-6-ը Հայաստանում Gallup International-ի անցկացրած հարցախույզը ցույց տվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը իջել է մինչև 13,4 տոկոս հայ հնարավոր ընտրողների շրջանում։ Երբ վեց տարի առաջ նա առաջին անգամ եկավ իշխանության, նրա վարկանիշը մոտ 80 տոկոս էր։

Հարցին՝ «Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի աշխատանքը».

- Հանրության 13,4%-ն ասել է, որ նրա աշխատանքը համարում է «լիովին դրական»։ Սա 4%-ով ավելի է, քան երկու ամիս առաջ՝ մայիսին։

- 21,7%-ը նրա աշխատանքը հուլիսին գնահատել է որպես «ավելի շուտ դրական»՝ 3%-ով ավելի մայիսի համեմատ:

- 40,3%-ը նրա աշխատանքը հուլիսին գնահատել է որպես «ընդհանրապես բացասական»՝ 1%-ով ցածր, քան մայիսին:

- 14,5%-ը նրա աշխատանքը հուլիսին գնահատել է որպես «ավելի շուտ բացասական»՝ 4%-ով ցածր մայիսի համեմատ:

- Մասնակիցների 10,1%-ն ասել է, որ «դժվարանում է պատասխանել» հարցին:

Սա նշանակում է, որ հանրության 35.1%-ը հուլիսին Փաշինյանի աշխատանքը գնահատել է որպես «դրական» և «ավելի շուտ դրական»՝ մայիսի 27.8%-ի դիմաց, մինչդեռ մեծամասնությունը՝ 54.8%-ը, հուլիսին նրա աշխատանքը գնահատել է «բացասական» և «ավելի շուտ բացասական»՝ մայիսի 59,7 տոկոսի համեմատ։

Հարց․ «Եթե հաջորդ կիրակի լինեն Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին կտաք Ձեր ձայնը»։ Ահա նրանց պատասխանները.

1) Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 14.4%։

2) «Հայաստան» դաշինքին՝ 3.7%։

3) «ԴՕԿ/Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցությանը՝ 3,5%։

4) «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 2,3%։

5) Բագրատ Սրբազանին՝ 1,5%։

6) «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 1,2%։

7) «Հանրապետություն» կուսակցությանը` 0,6%։

8) Այլ՝ 2%։

9) Ոչ մեկին՝ 8,6%։

10) Հրաժարվում են պատասխանել՝ 29.6%։

11) Չեն մասնակցելու ընտրություններին՝ 32,5%։

Այս թվերը կարևոր պատկերացում են տալիս հաջորդ ընտրությունների վերաբերյալ: Փաշինյանի իշխող կուսակցությունը կհավաքի ընդամենը 14,4 տոկոս, իսկ մյուս կուսակցությունները, եթե դաշինք կազմեն, կհավաքեն ձայների 14,8 տոկոսը։ Որպեսզի ընդդիմադիր կուսակցությունները դառնան մեծամասնություն հաջորդ խորհրդարանում, նրանք պետք է ոչ միայն դաշինք կազմեն, այլև փորձեն ձայներ ստանալ մնացած 70,7 տոկոսից, որոնք հրաժարվել են պատասխանել կամ դժվարացել են պատասխանել կամ չեն քվեարկելու։

Հարցին՝ «Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ», հարցվողները պատասխանել են.

- «Լիովին ճիշտ»՝ 15.2%։

- «Ավելի շուտ ճիշտ»՝10,6%։

- «Ընդհանրապես սխալ»՝28,5%։

- «Ավելի շուտ սխալ»՝ 23.1%։

- «Դժվարանում եմ պատասխանել»՝ 22,5%։

Սա նշանակում է, որ մեծամասնությունը՝ 51,6%, կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում։ Միայն 25,8%-ն է կարծում, որ այն շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Սա լավ բան չի հուշում Փաշինյանի և նրա իշխող կուսակցության համար։

Հարցին, թե Արդյոք Հայաստանը պետք է փոխի՞ իր Սահմանադրությունը, ինչպես որ նախագահ Ալիևն է պահանջել, հանրությունը պատասխանել է․

- 80,3%-ը հուլիսին ասել է ոչ, որն ավելի քան կրկնապատկվել է հունվարի 38.1%-ի համեմատ:

- 11,7%-ը հուլիսին ասել է, որ որոշ դրույթներ պետք է փոխել։ Հունվարին նույն բանն ասել է  34,2%-ը։

- 3,3%-ը հուլիսին ասել է, որ լիովին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։ Հունվարին նույն բանը ասել է 13,4%-ը։

- 4,7%-ը հուլիսին չի կարողացել պատասխանել, իսկ հունվարին չի կարողացել պատասխանել 14,4%-ը։

Սա շատ կարևոր հարց է, քանի որ Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու հարցում համաձայնել է Ալիևի հետ, մինչդեռ հասարակության 80,3%-ը դեմ է դրան։

Հարցին՝ «Ինչպե՞ս եք գնահատում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած «Տավուշը հանուն Հայաստանի» շարժումը», հասարակությունը պատասխանել է․

- «Լիովին դրական»՝ հուլիսին 18.3%, ինչը զգալիորեն նվազել է մայիսի 35.1%-ի համեմատ:

- «Ավելի շուտ դրական»՝ 15,5%, մի փոքր ցածր մայիսի 17,8%-ից:

- «Ընդհանրապես բացասական»՝ հուլիսին 32,4%, ինչը գերազանցում է մայիսի 23,5%-ը։

- «Ավելի շուտ բացասական»՝ հուլիսին 14,9%, մի փոքր ավելի, քան մայիսի 10%-ը։

-- Չի կարողացել պատասխանել՝ հուլիսին 18,9%-ը, մայիսին՝ 13,6%-ը։

Պատասխանները վկայում են հայ հասարակության կողմից արքեպիսկոպոսիշարժմանն աջակցելու նվազող միտման մասին: 

Հարցին՝ «Ըստ Ձեզ՝ արդյո՞ք Հայաստանը պետք է անդամակցի Եվրամիությանը»։

- 34,2%-ն ասել է՝ «միանշանակ այո»։

- 22,5%-ն ասել է, որ «ավելի շուտ այո»:

- 19,1%-ն ասել է՝ «միանշանակ ոչ»:

- 13,7%-ն ասել է, որ «ավելի շուտ ոչ»:

- 10,5%-ն ասել է, որ «դժվարանում է պատասխանել» հարցին։

Սա վկայում է այն մասին, որ 56,7%-ը կողմ է Հայաստանի անդամակցությանը ԵՄ-ին, իսկ 32,8%-ը դեմ է դրան։ Մեծամասնությունը համաձայն է Փաշինյանի հետ։ Կարծում եմ, որ սա անիրատեսական ցանկություն է հայ ժողովրդի և վարչապետի կողմից, քանի որ Հայաստանի տնտեսության մեծ մասը կապված է Ռուսաստանի հետ, և այդ կարևոր կապի ցանկացած խափանում կործանարար ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Եվրամիությանը կողմնակիցների արձագանքը հիմնականում  պայմանավորված է Հայաստանի հանրության մեծ հիասթափությամբ Ռուսաստանից՝ Հայաստանին ռազմական ճանապարհով օգնության չգալու համար։ Մյուս կարևոր խնդիրն այն է, թե արդյոք ԵՄ-ն թույլ կտա Հայաստանին միանալ իրեն։ Ինչպես գիտենք, Թուրքիան տասնամյակներ շարունակ անհաջող կերպով փորձում է անդամակցել ԵՄ-ին, իսկ Վրաստանը նույնպես տարիներ շարունակ փորձում է անդամակցել ԵՄ-ին։ Հայաստանը երկար տարիներ սպասելու է:

Նման մի հարց է տրվել, թե «Արդյո՞ք Հայաստանը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) և սկսի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը»։

- 28,8%-ն ասել է՝ «միանշանակ այո»:

-17,3%-ն ասել է, որ «ավելի շուտ այո»:

- 21,4%-ն ասել է՝ «միանշանակ ոչ»:

-15,6%-ն ասել է, որ «ավելի շուտ ոչ»:

- 16,9%-ն ասել է, որ «դժվարանում է պատասխանել» հարցին։

Սա խոսում է այն մասին, որ հասարակության 46,1%-ը կողմ է ԵԱՏՄ-ից դուրս գալուն, իսկ 37%-ը դեմ է ԵԱՏՄ-ից դուրս գալուն։

Հաջորդ հարցը. «Արդյո՞ք Հայաստանը պետք է դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և ձգտի միանալ ՆԱՏՕ-ին։

- 44,3%-ը հուլիսին ասել է. «Հայաստանը չպետք է որևէ կառույցի անդամ լինի. պետք է լինել չեզոք երկիր»։ Փետրվարին նույն պատասխանը տվել էր 40,3%-ը։

- «Հայաստանը պետք է շարունակի անդամակցել ՀԱՊԿ-ին» հուլիսին ասել է 16,9%-ը։ Փետրվարին նույն պատասխանը տվել էր 28%-ը։

- 29%-ը հուլիսին ասել է, որ «պետք է ձգտել անդամակցել ՆԱՏՕ-ին»: Փետրվարին նույն պատասխանը տվել էր 22,5%-ը։

- 9,8%-ը հուլիսին ասել է, որ «դժվարանում է պատասխանել» հարցին, իսկ փետրվարին նույն պատասխանը տվել էր 9,2%-ը։

Ոչ զարմանալիորեն, այս պատասխանները վկայում են Հայաստանի հասարակության հետաքրքրության նվազման միտման մասին՝ կապված Ռուսաստանի հետ և Արևմուտքի նկատմամբ հետաքրքրության աճով: Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ին միանալու ցանկությունը անիրատեսական ցանկություն է:

Այս վերջին հարցախույզը ցույց է տալիս հայ հասարակության շարունակական դժգոհությունը Փաշինյանի և նրա կուսակցության նկատմամբ և հանրության հետաքրքրությունը Ռուսաստանից դեպի Արևմուտք թեքվելու հարցում:

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի