կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-21 12:28
Հասարակություն

Կամավոր ատեստավորման մասնակցած ուսուցիչներից 47,2 տոկոսն է հաղթահարել շեմը, նրանց աշխատավարձը բարձրացել է 30-50 տոկոսով

Կամավոր ատեստավորման մասնակցած ուսուցիչներից 47,2 տոկոսն է հաղթահարել շեմը, նրանց աշխատավարձը բարձրացել է 30-50 տոկոսով

Այս օրերին ընթանում է մեր կարեւորագորւյն ռազմավարական  ծրագրերից մեկի իրագործումը, որն, իմ կարծիքով, շրջադարձային նշանակություն պետք է ունենա ՀՀ հետագա զարգացման գործում. Խոսքն ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է․ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուսուցիչներն իրենք են ընտրում՝ ատեստավորվել, թե՝ ոչ: Եվ այդ վերահաստատման արդյունքում իրենց աշխատավարձը՝ կախված հավաքած միավորներից, հոկտեմբերից կբարձրանա 30-40 կամ 50 տոկոսով: Այս փուլում մենք իրականացնում ենք մի քանի առարկաների գծով կամավոր ատեստավորման ծրագիր: Խոսքը հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, պատմություն, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա առարկաների մասին է: Այս փուլում մենք որոշ ժամանակ բաց կթողնենք կամավոր ատեստավորման պատուհանը: Ընդ որում՝ առարկաների ցանկը կընդլայնենք, այսինքն՝ բոլոր առարկաներով ատեստավորում կիրականացնենք: Հաջորդ փուլով արդեն իսկ ատեստավորված ուսուցիչների համար կիրականացվի երկրորդ ատեստավորումը՝ ավելի բարձր չափանիշներով: Այն ուսուցիչները, որոնք մի անգամ արդեն իրենց աշխատավարձը իրենց որակավորմամբ կարողացել են բարձրացնել, նրանք հնարավորություն կունենան եւս մեկ անգամ իրենց աշխատավարձը բարձրացնել 30, 40, 50 տոկոսով: Սա կլինի բացարձակապես կամավոր»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս ամբողջ գործընթացը կտեւի 3-4 տարի:

«Եթե կլինեն ուսուցիչներ, որոնք չեն դիմել ատեստավորման, բնականաբար, կառավարության մոտ հարց կառաջանա, թե ինչու ուսուցիչը չի օգտվել իր աշխատավարձը կրկնապատկելու հնարավորությունից: Սա հարց է, որի պատասխանի վրա մենք պետք է աշխատենք եւ շարունակենք մեր ուսուցիչներին քաջալերել, որ իրենց գիտելիքի հաստատմամբ իրենց աշխատավարձը բարձրացնեն: Այս իրավիճակի արդյունքում մենք ՀՀ հանրակրթական համակարգում կունենանք բացառապես բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ: Այն ուսուցիչները, որոնք կխոստովանեն, որ չունեն համապատասխան որակավորում, բնականաբար, մենք այդ ուսուցիչներին կաջակցենք մասնագիտական վերապատրաստում անցնել եւ աշխատանք փորձել գտնել բոլորովին այլ ոլորտներում: Մենք կարծում ենք, որ կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր  որակավորում ունեցող ուսուցչի ներկայությունը դպրոցներում»,- ընդգծեց Փաշինյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ կամավոր ատեստավորման համար դիմել էր 1372 ուսուցիչ, որոնցից ատեստավորմանը մասնակցել է 996 ուսուցիչ։ «Նրանցից 468 ուսուցիչ (47,2 տոկոս) կստանան աշխատավարձի 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար: Ուսուցչի մեկ դրույքի միջին աշխատավարձը կազմում է 125 հազար դրամ: Այսպիսով՝ 30 տոկոս հավելավճար  ստացող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 37 հազար դրամով, 40 տոկոս հավելավճարի դեպքում՝ 50 հազար դրամով, իսկ 50 տոկոս հավելավճարի դեպքում՝ շուրջ 61 500 դրամով: Ատեսատավորումը եղել է 7 առարկաների գծով՝ հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն եւ աշխարհագրություն:

Փաստորեն, 538 ուսուցիչներ չեն հաղթահարել այն շեմը, որը պետք էր, որ հայտնվեին հավելավճարներ ստացողների թվում: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մաթեմատիկա առարկայից․ մասնակցածների 87 տոկոսը հաղթահարել է շեմը: Երկրորդ տեղում ֆիզիկան է՝ 56 տոկոս, երրորդ տեղում՝ հայոց լեզուն՝ 41 տոկոսը: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է քիմիայից՝ 11 տոկոս եւ աշխարհագրությունից՝ 20 տոկոս»,-ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ատեստավորման ժամանակ շեմը չհաղթահարած ուսուցիչները հնարավորություն կունենան կրկին մասնակցելու կամավոր ատեստավորմանը, սակայն դա անսահմանափակ չի կարող լինել: