կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-03 13:01
Մշակույթ

Նժդեհի արձանը «վերևների՞», թե՞ ժողովրդի համար են տեղադրում

Նժդեհի արձանը «վերևների՞», թե՞ ժողովրդի համար են տեղադրում

Կառավարության` նոյեմբերի 29-ի նիստում որոշվեց` Գարեգին Նժդեհի արձանը կտեղադրվի կառավարության երրորդ շենքի հարևանությամբ:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քանդակագործ Լևոն Թոքմաջյանը նշեց, որ տեղադրման վայրի հարցում տարաձայնություններ կան. շատերը պնդում են, որ արձանը պետք է տեղադրվի հենց Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղ այսօր կանգնած է Սուրեն Սպանդարյանի արձանը, և մարդկանց մեծ մասին թվում է, թե դա Նժդեհի արձանն է: Արձանի տեղադրման վայրը, ինչպես նշեց Թոքմաջյանը, այնքան էլ իրեն չի մտահոգում, իրեն ավելի շատ արձանի գեղարվեստական արժեքն է անհանգստացնում:

 

«Տեղը վերևներից են որոշել, քանի որ ՀՀԿ-ն Նժդեհի գաղափարախոսությունն է տարածում և, կարծես, Նժդեհով առաջնորդվում, իրենք էլ որոշել են, որ արձանը պետք է լինի «հանրապետական» փողոցում», ասաց Թոքմաջյանը` իրականում նկատի ունենալով Հանրապետության փողոցը:

 

Քանդակը պետք է տեղադրվի կառավարության երրորդ շենքի հարևանությամբ գտնվող այգում` մեջքով` դեպի հրապարակը, դեմքով` դեպի Հանրապետության փողոց:

 

Թոքմաջյանը նշեց նաև, որ իրենք այցելել են քանդակի հեղինակ Գագիկ Ստեփանյանի արվեստանոց և տեսել քանդակի նախնական տարբերակը: Այն, ըստ Թոքմաջյանի, այնքան էլ վատը չէ, սակայն «էս դիրքով ու ձևով» նրա սրտով չէ:

 

«Մի շարք բաներ կան, որ քանդակագործը պետք է փոխի: Իմ աչքին քանդակը մի տեսակ շատ հանգիստ է, անշարժ, հռետորական բան կա: Նախնական տարբերակով` Նժդեհի ձեռքին պետք է սուր լիներ, սակայն վերևներից ասել են, որ սրով գեղեցիկ չէ, և հիմա քանդակագործը որոշել է ձեռքերից մեկը ծալել, մյուսն էլ` մի փոքր առաջ բերել, բայց այդպես, ախր, կյանք, շարժ չկա քանդակի մեջ: Վերևներից ասել են, որ Նժդեհը հո մենակ կռվո՞ղ չի եղել, նա նաև մտածող ու փիլիսոփա է եղել»,- ասաց Թոքմաջյանը` հավելելով, որ ինքը, համենայն դեպս, այլ կերպ կքանդակեր Նժդեհին. «Ես էլ եմ մասնակցել մրցույթին: Ես պատկերացնում էի Նժդեհին շարժման մեջ»:

 

Ըստ քանդակագործի` Նժդեհի` 4-4,5մ բարձրությամբ բրոնզե արձանը պատրաստ կլինի 2015-ին:  Չնայած տարաձայնություններին` թե՛ տեղադրման վայրի, թե՛ տեսքի հետ կապված, Թոքմաջյանի հավաստմամբ, գեղխորհուրդն իրավունք չունի մերժելու կամ հաստատելու արձանը. «Մենք ընդամենը խորհուրդ ենք տալիս»: