կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-25 15:05
Մշակույթ

Նժդեհի արձանը տեղադրվեց. քանդակագործը խորհուրդ է տալիս արձանին առավոտյան նայել

Նժդեհի արձանը տեղադրվեց. քանդակագործը խորհուրդ է տալիս արձանին առավոտյան նայել

Տեղեկացրել էինք, որ այսօր Գլխավոր պողոտայում տեղադրվեց Գարեգին Նժդեհի արձանը: Yerkir.am-ի հետ զրույցել է արձանի քանդակագործի` Գագիկ Ստեփանյանի հետ:

Նժդեհի ձեռքն իր խորհուրդն ունի

Պետք է կերտեի Նժդեհի մոնումենտալ արձանը: Բոլորս գիտենք, որ Նժդեհը երեք հանճար է զետեղում իր մեջ` զորավար, քաղաքական-պետական գործիչ և 20-րդ դարի 1-ին կեսի համաշխարհային իմաստագետ: Ես կերտել եմ նրան զինվորականի հագուստով, իսկ մատի շարժումը ցույց է տալիս, որ պատվանդանի վրա գրված է իր մտքերը` ինչպես պետք է ապրնեք, ինչ է պետք մեր ազգին: Նա մի միտք ուներ` «Իմ հոգին զույգ հենարան ունի` Աստված և հայրենիք», և ես նրան կանգնեցրել եմ այդ հենարանների վրա: Իր զինվորական թիկնոցը երկարացրել եմ, որ ձուլվի իր հավատքի, ինչպես նաև երկրի մեջ` ամբողջական կերպար ստանալու համար:

Տարաձայնություններ կային, որ Նժդեհի ձեռքին պետք է սուր լիներ` այն չպետք է դատարկ լիներ

Ինչ-որ մեծամիտ մի մարդ էր նման բան ասել: Ես մրցույթի երկու փուլերի եմ մասնակցել, առաջին մրցույթի ժամանակ, այո, էսքիզներում ձեռքին սուր կար, բայց հետո մտածեցի` առանց սուր անել, մեկ է` զինվորականը, որ բռունցքը պահում է, ցուցադրում է իր ամբողջ ուժը: Քանդակում, ի դեպ, միջին տարիքում է Նժդեհը:

Անցորդներն ասում էին` նման չէ Նժդեհին, ավելի շուտ` Պյոտր 1-ին է նման

Հազար մարդ, հազար կարծիք: Մեկն էլ մոտացավ, ասում է` բա ձին ո՞ւր է: Մարդիկ տարբեր են, և նայած ով` Նժդեհի որ նկարին է նմանեցնում արձանը: Ի վերջո, արվեստագետը ես եմ, ամբողջ նյութերն եմ հավաքել, նրա բոլոր նկարները, և վերջապես, նրա կալանավորված ժամանակ նկարած մի նկար, որտեղ պարզ երևում էր նրա մարմինը` գանգը: Այսինքն` ես օգտվել եմ նրա հավաքական կերպարից. նման է, թե` ոչ, դա թող մնա իմ խղճին և շնորհքին:

Արձանի ստեղծման ողջ ընթացքում եղել են «ավելորդ» խոսակցություններ

2011-ից մինչև հիմա զբաղվել եմ այդ գործով և կրակների միջով եմ անցել: Տեղադրման ողջ ընթացքին հետևել եմ,  և հիմա, եթե հանկարծ մի քիչ թեք լիներ կամ իմ ուզած ձևով չտեղադրեին, կարող է փոշմանեի: Ինձ թվում է` շատ լավ տեղադրեցինք:

Արձանի տեղադրման վայրը` տարաձայնությունների առիթ

Տարածքը շատ լավ տեղ է: Մենք` հայերս, հա'մ հանճարեղ ենք, հա'մ թերություններ ունենք` էստեղ-էնտեղ կարծիքներ ենք հայտնում: Տեղը որոշել են մասնագետները, ես չեմ որոշել: Ասում էին` հրապարակին դեմքով լինի, բայց մենք այսպես որոշեցինք արևի լույսի համար, բացի այդ` տեսեք` ինչ հրաշալի պուրակ է, ընտիր տեղ է:

Քանդակագործի խորհուրդը

Ամբողջական Նժդեհ եմ ուզեցել ցույց տալ` և՛ խրոխտ, և՛ բարի, և՛ իմաստուն: Մի խորհուրդ` առավոտյան նայեք արձանին, երբ արևի լույսն ընկնում է վրան: Կերտել նման մոնումենտ հուշարձան` հեշտ բան չէ, ես պետք է հաղթահարեի շատ բան, ու ինձ թվում է` ստացվել է: