կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-30 10:48
Հասարակություն

Նժդեհի արձանը նման է Պյոտր Առաջինին, երևի, որովհետև քանդակագործը Սանկտ Պետերբուրգում է սովորել. Նարեկ Սարգսյան

Նժդեհի արձանը նման է Պյոտր Առաջինին, երևի, որովհետև քանդակագործը Սանկտ Պետերբուրգում է սովորել. Նարեկ Սարգսյան

Այսօր քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին օրերս Երևանում տեղադրված` Համազասպ Բաբաջանյանի եւ Գարեգին Նժդեհի արձաններին:

Հարցին` արդյո՞ք կիսում է այն մասնագետների կարծիքները, որ այդ արձանները նման չեն այդ անձանց, պատասխանեց. «Երբ Նժդեհի արձանի մրցույթն անցկացվեց, ես եմ եղել այդ ժամանակ քաղաքի գլխավոր ճարտարապետը: Նժդեհի արձանի համար նախատեսված է եղել տասից ավելի աշխատանք, ընտրվեց հինգ աշխատանք, որից հետո արդեն գաղտնի մրցույթով ընտրվեց այս աշխատանքը, որը դուք տեսնում եք: Հեղինակը Գագիկ Ստեփանյանն է: Հենց այս աշխատանքն ընտրվեց, որովհետեւ մյուսներում Նժդեհը հիմնականում ներկայացված էր կա'մ ձիով, կա'մ թրով, զրահով»:

Դիտարկմանը, թե այս աշխատանքում էլ Նժդեհը նման է Պյոտր Առաջինին, Սարգսյանն արձագանքեց, թե, ըստ երեւույթին, դա պայմանավորված է նրանով, որ հեղինակը սովորել է Ս. Պետերբուրգում:

Ինչ վերաբերում է Համազասպ Բաբաջանյանի արձանին, ապա Նարեկ Սարգսյանն ասաց, թե տեղեկություններ չունի: «Ես կարծում եմ, որ որոշակի թերություններ ունի, բայց ողջունում եմ, որ նա զենք ու զրահով չէ, լավ է, որ նա նստած է, բայց չգիտեմ, թե ինչու է նստած աթոռի վրա, այլ ոչ թե քարի»,- ասաց նա:

Քաղաքաշինության նախարարը կարծիք հայտնեց, որ այսօր քանդակագործները բավական վատ վիճակում են, եթե նախկինում նրանք ֆինանսավորվում էին, ապա այսօր սպասում են ինչ-որ մրցույթների, որին կարող են հաղթել և նոր միայն հոնորարով սկսեն աշխատել: