|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Շատ խիստ մի´ ընկալեք թե՛ Բաբաջանյանի և թե՛ Նժդեհի արձանները. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը` խոսելով օրերս բացված` մարշալ Համազասպ Բաբաջանյանի և Գարեգին Նժդեհի արձանների մասին:
Նժդեհի արձանը Թոքմաջյանն ընկալում է որպես խորհուրդ, սիմվոլ, հուշակոթող: «Պետք է այսպես դիտարկել հարցը` Նժդեհի արձանը սիմվոլ է: Իր տեղում լավ դրված է` համաչափ, սիրուն, Հանրապետության փողոցում, և կարող է հանրապետության սիմվոլը դառնա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Բաբաջանյանի արձանին, ապա, ըստ նրա, իր համար միայն զարմանալի էր այն, որ մարշալը հիտլերյան բազկաթոռին է նստած: «Ես այդպես չէի անի, ուրիշ տեսակ կանեի, բայց ես չեմ կարող իմ ցանկությունը փաթաթել ուրիշի վզին: Քանդակագործն էլ այդպես է տեսել` ի՞նչ անենք»,- ասաց քանդակագործը:
Թոքմաջյանը Երևանի փողոցներում մեր մեծերից շատերի արձանները կուզեր տեսներ, բայց փոքր-ինչ այլ լուծումներով, եղած արձաններից տարբերվող: «Կուզեի` քանդակների մեջ շարժում լիներ, դինամիկա, կյանք, խորհուրդ: Միայն լուսանկարչական նմանություն չպետք է լինի, դա է, որ սպանում-թողնում է, նմանության պահը շատ է խանգարում քանդակներին: Արձանը, առհասարակ, պետք է ստիպի, որ իր հետ խոսես»,- ասաց մեր զրուցակիցը: