Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունը հրապարակել է 2014-ի առաջին 9 ամիսների արտահանման և ներմուծման ցուցանիշներն` ըստ ապրանքախմբերի, սակայն նախքան ապրանքներին անդրադառնալը հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր մակրոտնտեսական ցուցանիշները, և համաձայն ԱՎԾ տվյալների` արտահանումն ավելացել էր 2, իսկ ներմուծումը` 4.6 տոկոսով:
Արդյունքների տեսանկյունից թերևս որևէ անակնկալ չկա, քանի որ մեր արտահանումը միշտ էլ ավելի քան երկու անգամ հետ է ընկել ներմուծումից: Հիմա համեմատության համար վերցնենք Հայաստանից արտահանված և, հակառակը, մեր երկիր ներմուծված` առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքները և համեմատենք, թե ինչ գնային ու քանակական փոփոխությունների են դրանք ենթարկվել: Առաջարկում ենք սկսել ամենակարևորից ՝ գազի ներմուծման ծավալներից:
Այսպես` 2013 թ. առաջին 9 ամիսներին մենք ներմուծել ենք 1 միլիարդ 710 միլիոն խմ գազ, իսկ 2014-ին` 1 միլիարդ 780 միլիոն խմ: Թեեւ Հայաստանն այս տարվա առաջին 9 ամիսներին ներմուծել է 80 միլիոն խմ ավելի գազ, բայց ռուսներին վճարել ենք ավելի քիչ՝ նախորդ տարվա 421 միլիոն դոլարի փոխարեն 361 միլիոն դոլար: Սա էլ, իհարկե, հետևանքն է գազի գնի փոփոխության: Հետաքրքիր է, որ 2013-ին 1000 խմ գազի մաքսային արժեքը կազմել է 245 դոլար, իսկ այս տարի` 204 դոլար:
Ներմուծման ծավալով երկրորդ խոշոր ապրանքատեսակը նավթ-նավթամթերքն է, այս պարագայում որևէ արտառոց փոփոխություն տեղի չի ունեցել` 4000 տոննա ավելի քիչ ենք ներմուծել, համապատասխանաբար` 6 միլիոն դոլար քիչ ենք վճարել:
Այժմ անդրադառնանք ավտոմեքենաներին: Երբեմն զարմանում ես, թե այս փոքր Հայաստանում որտե՞ղ են տեղավորվում այդքան ներկրված մեքենաները, քանի որ տարեցտարի Հայաստան ներկրվող մեքենաների թիվը գնալով ավելանում է: Եթե այս աճի վրա իր ազդեցությունն է թողել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, ապա կարելի է վստահաբար ասել, որ ավտոներկրողները, մեղմ ասած, «քաշվել են», քանի որ հավելյալ գումար վաստակել չի ստացվելու: Այս թեմային արդեն անդրադարձել ենք: Այս տարի ներկրել ենք 12.000 ավելի ավտոմեքենա, քան նախորդ տարի:
Հիմա անդրադառնանք Հայաստանի համար ամենացավոտ կողմին՝ արտահանմանը: Այստեղ պատկերն իսկապես ցավալի է: Ինչո՞ւ, որովհետեւ արտահանման ծավալում մեծ է պղնձի հանքաքարի տեսակարար կշիռը, և յուրաքանչյուր տարի մեր տնտեսվարողները ջանք չեն խնայում` պղնձի արդյունահանման և արտահանման ծավալն ավելացնելու համար: Եվ դա նրանց մոտ ստացվում է, բայց ահա միջազգային շուկան չի գնահատում մերոնց չարչարանքը, և ամսեամիս պղնձի գները շուկայում ընկնում են: Տեսեք` մենք 2013-ին արտահանել ենք 126 հազար, իսկ 2014-ին 138 հազար տոննա պղինձ, բայց, այդքանով հանդերձ, ստացել ենք 33 միլիոն դոլար քիչ գումար: Սա վկայությունն է այն բանի, որ, նախորդ տարվա համեմատ, պղնձի միջազգային գներն այս տարի նվազել են 20 տոկոսով:
Արտահանման մեջ մեծ է նաև սպիրտի տեսակարար կշիռը, ու այստեղ էլ պատկերը նույնպես հիասթափեցնող է, թեեւ այս դեպքում մենք ենք քիչ արտահանել՝ նախորդ տարվա համեմատ ուղիղ 400 հազար լիտր, ինչի հետևանքով էլ 12 միլիոն դոլարի մինուս ենք գրանցել:
Իսկ ամենավերջում` մի քանի խոսք ադամանդի արտահանման մասին: Գոնե մի տեղ բախտը մեզ ժպտացել է, քանի որ, ի տարբերություն պղնձի, ադամանդի գները շարունակ աճում են: Ճիշտ է, մենք ադամանդի հանքեր չունենք, բայց ուրիշների ադամանդը լավ մշակում ու հետ ենք ուղարկում: 2013-ին արտահանել էինք 164.000 կարատ ադամանդ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 121.000 կարատ, և քանի որ ադամանդի գները բարձրացել են, մեր ադամանդագործներն ուղիղ 22 միլիոն դոլար ավելի գումար են վաստակել:
Կարելի է ասել, որ որոշ տեղեր բախտը մեզնից երես է թեքել, իսկ որոշ դեպքերում էլ բախտներս բերել է, բայց կառուցել ուժեղ տնտեսություն բախտի վրա առավել քան ռիսկային է, և մեր կառավարությունը պետք է ավելի ակտիվ շարժի իր ուղեղը:
Գևորգ Խաչատրյան