Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` ի՞նչ է լինելու վաղը Ազատության հրապարակում հրավիրվող հանրահավաքում, արդյո՞ք եռյակը պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը, պատասխանեց. «Բոլոր գաղտնիքները չենք բացահայտելու, այդ դեպքում կլինի ոչ թե հարցրազրույց, այլ «Բացահայտում» հաղորդաշար»:
Դիտարկմանը, որ պետք է բացահայտել և թափանցիկ աշխատել ժողովրդի հետ, պատգամավորը պատասխանեց. «Թափանցիկ ենք աշխատում: Այ, վաղը հանրահավաքը կլինի… Այ, օրինակ, զարգացումները ձեզ ի՞նչ են թելադրում, դուք չեք տեսնո՞ւմ որևէ զարգացում»:
Հարցին` արդյո՞ք եռյակը կբանակցի իշխանությունների հետ, եթե հանրահավաքի եկած ժողովրդի զանգվածը հասնի կրիտիկական թվի, Միքայել Մելքումյանը պատասխանեց` պարտադիր չէ` կրիտիկական զանգված լինի, որ բանակցես, հետո` բանակցել` նայած ինչի շուրջ:
Նրա խոսքով` բանակցությունները թելադրվելու են` կոնկրետ իրավիճակից ելնելով, դա կյանքը ցույց կտա, և կարևոր չէ` մեկ ամիս հետո կլինի, թե` տարի հետո: Պատգամավորի համոզմամբ` իշխանափոխությունը ասելով չ է միայն, երբ քաղաքական գործընթացներն ուժեղանան ու քաշ հավաքեն, այն ժամանակ էլ կլինի իշխանափոխություն:
Լրագրողները հարցրեցին նաև` արդյո՞ք այս հանրահավաքն էլ է լինելու նախորդի պես սովորական, պատգամավորը տարակուսեց. «Ի՞նչ է նշանակում սովորական, նախորդը սովորական է՞ր, նայած թե ով ինչ սպասելիքներ ուներ: Հանրահավաքը չի կարող սովորական լինել, հանրահավաքը երևույթ է: Այ, երբ վաղը կլինի հանրահավաքը, կլսեք Ծառուկյանի ելույթն ու գործողությունների ծրագիրը, այդ ժամանակ ամեն ինչ կիմանաք: Հիմա չեմ կարող առաջ անցնել ու ասել, թե Գագիկ Ծառուկյանն ինչ է ասելու»:
ԲՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ իր անձնական նախընտրությունն այն է, որ ամեն կերպ պետք է բացառել որևէ արյունահեղություն ու մայդան, և իշխանափոխությունը պետք է արժանապատիվ ձևով տեղի ունենա:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե նախագահին ոչ ոք չի կարող փոխել, պատգամավորը պատասխանեց. «Բայց ի՞նչ էիք կարծում, որ վարչապետը կանգնի, ասի, որ կարելի է նախագահին փոխե՞լ»: