Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը աշխարհի ամենամեծ և կարևորագույն գրքի ցուցահանդեսում` «Ֆրանկֆուրտեր Բյուխմեսսե»-ում ներկայացրել է իր «Մանդիլիոն» վեպի անգլերեն, ռուսերեն և հայերեն տարբերակները: Հատկանշական է, որ ամեն տարի այս ցուցահանդեսը հյուրընկալում է ավելի քան 7000 ցուցադրողի` ավելի քան 100 երկրից, ինչպես նաև հարյուրհազարավոր այցելուների ու գրական բնագավառի մասնագետների:
Վահան Հովհաննիսյանի խոսքն ամբողջությամբ` ստորեւ:
Սիրելի' ընթերցող
Եթե ընդամենը 3 տարի առաջ ինչ-որ մեկն ինձ ասեր, որ ինձ վիճակված է մոտ ապագայում ծավալուն գիրք գրել, ընդ որում` գեղարվեստական ստեղծագործություն, ես ոչ մի կերպ չէի հավատա: Սակայն հանգամանքների բերումով ես զգացի, որ դա անհրաժեշտ է: Ի՞նչը դրան նպաստեց` ներքին պահանջը, անձնական բնույթի հարցերը կամ ընկերների խորհուրդները, արդեն կարեւոր չէ: Գիրքը գրված է եւ հրատարակված, այնպես որ` արդեն միայն ինձ չի պատկանում: Այժմ ամեն ոք կարող է դատել գրքի եւ այն մասին, թե ինչ եմ աշխատել դրանում ամփոփել: Հնարավոր է` Դուք համաձայնեք իմ մտքերին, հնարավոր է` ժխտեք դրանք, սակայն անտարբեր չեք մնա, ես անկեղծորեն հույս եմ տածում: Փորձեմ բացատրել` ինչու:
Վեց հարյուրամյակ առաջ իմ ժողովրդի պատմությունը «կանգ առավ»: Հայաստանը` որպես համաշխարհային զարգացման ինքնուրույն սուբյեկտ, դադարեց գոյություն ունենալ: Ոչ, իհարկե, հայ ժողովրդի կյանքը Հայկական բարձրավանդակում եւ դրանից դուրս շարունակվում էր, սակայն այլ ժողովուրդների հետ մեր ուղղակի մասնակցությունը մարդկային քաղաքակրթության զարգացմանը դադարեց:
Անշուշտ, մեր բազմաթիվ հայրենակիցների հոգիներում փոթորկվող անհագ էներգիան եւ հույսը (հիմա, կարծես, սկսում են սպառվել), պահանջելով ելք եւ իրացում` մասնավոր հաջողության պարագայում, շարունակում էին սնել հայոց կյանքը` տալով աշխարհին հիասքանչ ճարտարապետներ, արդյունաբերողներ, երաժիշտներ, նկարիչներ, գրողներ, զինվորականներ եւ քաղաքական գործիչներ, սակայն նրանք համալրում էին համաշխարհային քաղաքականության, տնտեսության եւ նույնիսկ մշակույթի գործիչների շարքերը այլ, հաճախ օտար քաղաքակրթական միջավայրի միջոցով: Որովհետեւ սեփականը չկար: Եվրոպական հարազատ մշակույթների զանգվածից հայ ժողովրդին կտրել էին պատմական ճակատագրի հարուցած անհաղթահարելի պատնեշները: Այդ մասին ես ժամանակին հոդված եմ գրել, որը հրապարակվել է մեզ մոտ եւ Գերմանիայում (այն կարող եք կարդալ իմ` www.vahan.am կայքում):
Սակայն նույնիսկ այն ժառանգությունը, որ իմ ժողովուրդը թողել էր մարդկությանը մինչ այն պահը, երբ Մութը պատեց մեր երկիրը, որը մինչ օրս չենք կարողացել ամբողջությամբ թոթափել, բավարար է քաղաքակրթություն` մեր վերադարձի կամուրջը լինելու համար: Իհարկե, ճշմարտությունն այն է, որ ներկայումս էլ, երբ թվում է, թե հայ ժողովրդին նոր հնարավորություն է ընձեռվել ազգ դառնալու եւ կիսամոռացված անցյալից արժանապատիվ ապագային անցնելու կամուրջները վերականգնելու, հին պատնեշները հեշտ չէ հաղթահարել: Ի դեպ, քաղաքակրթական շրջանը, որից Հայաստանը դուրս մնաց, բռնի ներառվելով օտար միջավայրում, մեզանից ոչ պակաս կորցրեց մեր բացակայության պատճառով:
Լռելու, շրջանցելու, հայ ժողովրդի օրինական պատմական ժառանգությունը եւ տեղը քրիստոնեական արժեքների հիման վրա ձեւավորված եվրոպական քաղաքակրթության տարրերի ստեղծման գործում աղավաղելու կամ մոռացության մատնելու արհեստական փորձերն աղքատացնում են ոչ միայն մեր պատմությունը, այլ նաեւ այսօրվա եվրոպացիների հոգեւոր աշխարհը, այդ թվում` ռուսների: Սակայն ամենակարեւորը` Հայաստանը եւ հայերը` որպես եվրոպական քաղաքակրթության` օրգանապես անքակտելի մաս, դրա իմունիտետի կարեւոր տարրն են, իմունիտետ, որն այսօր թուլացել է մինչեւ այդ քաղաքակրթության համար վտանգավոր սահմանը: Մինչեւ անդարձելիության կետը: Արթնանալու ժամանակն է:
Եվ ես գրեցի «Մանդիլիոն»-ը: Կօգնի՞ այն արթնանալուն, թե` ոչ, թողնում եմ Ձեր դատին: