կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-20 20:43
Քաղաքական

Ճիշտ ժամանակն է, թեև ուշացած, վերջ դնելու ամոթալի լռությանը. Արփինե Հովհաննիսյան

Ճիշտ ժամանակն է, թեև ուշացած, վերջ դնելու ամոթալի լռությանը. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով:


«Հարգելի գործընկերներ,
Այսօր մեր գործընկեր Սամադ Սեիդովը Բյուրոյի զեկույցի քննարկման ընթացքում ցույց տվեց հայ զինվորի` նկար սպիտակ դրոշը ձեռքին: Սա ադրբեջանական պրոպագանդայի կողմից լավ բեմադրված ներկայացում էր: Իրողությունն այն է, որ կոնֆլիկտի ընթացքում ունեցել ենք ադրբեջանական զինվորների հետ կապված իրական բազմաթիվ դեպքեր, սակայն երբեք վեհաժողովը կրկեսի չենք վերածել:
Մեկ այլ գործընկեր Ռզայեվը րոպեներ առաջ փաստերի հերթական խեղաթյուրման վառ օրինակ ցույց տվեց, այս անգամ իբր մեր կողմից փակ արխիվների հետ կապված, ինչը իհարկե չի համապատասխանում իրականությանը:
Իսկ հիմա թույլ տվեք անցնել իմ ելույթին:


Ուղիղ հարյուր տարի առաջ` 1915թ. ապրիլի 24-ին, Կոստանդնուպոլսի հայկական հսկա համայնքի սերուցքը ձերբակալվեց և ոչնչացվեց: Դա քսաներորդ դարի առաջին` Հայոց Ցեղասպանության սկիզբն էր:

 

Թվում է` հարյուր տարի անց ոչինչ էլ չի փոխվել: Մենք չմիջամտեցինք նացիստական Գերմանիայում կատարվողին` մինչ պատերազմն ինքը չթակեց մեր դուռը: Ռուանդայում մենք դավաճանեցինք մի ամբողջ ժողովրդի` մինչ դիվանագիտական եզրույթներով խուսափում էինք կոտորածն իր անվամբ կոչելուց: Կամբոջիայի ցեղասպանությունը մենք անգամ չնկատեցինք: Սուդանի պարագայում օգտագործում ենք բառը, որովհետև ոճրագործն Արևմուտքում բարեկամներ չունի: Սիրիայում և Իրաքում մենք հետևում ենք բոլոր ոչ-սուննի փոքրամասնությունների ընթացող ցեղասպանության նորություններին և շարունակում ենք դատարկ ու սին հայտարարություններ և դատապարտումներ հրապարակել, որոնք որևէ կերպ չեն կարող կասեցնել նույն այդ փոքրամասնությունների բնաջնջմանն ուղղված մոլի արշավը: Եվ դարձյալ մենք աճպարարում ենք սարսափազդու «Ց»-ով սկսվող բառին հարող այլ բառերի հետ, որովհետև եթե հանկարծ համարձակվենք արտաբերել այդ բառը, կզայրացնենք մի կարևոր դաշնակցի` արյունարբու մի դաշնակցի: Բացի այդ` բառն արտասանելու պատճառով պարտավոր կլինենք միջամտել, իսկ միջամտել մենք չենք ուզում և չենք միջամտելու: Եվ քանի որ ոչնչացող փոքրամասնություններին փրկելու հարցում նավթային շահեր մենք չունենք` ցեղասպանությունը շարունակվում է:

 

Հարյուր տարի անց` մենք Եվրոպայում կարծում ենք, որ ավելի լավն ենք, ավելի քաղաքակթրված և մեծապես հղկված և կարծում ենք թե Երրորդ Ռեյխի օրերն այնքան հեռվում են մնացելԵվ իհարկե, մենք անչափ սխալ ենք, անչափ մոլորված և անչափ կեղծավոր:

 

Հարյուր տարի անց Թուրքիան շարունակում է հերքել անհերքելին և Սիրիայի իր բազում դաշնակիցների` ամենատարբեր ապստամբների և իհարկե` Իսլամական Պետության հետ միասին, այս անգամ անուղղակիորեն դարձյալ և մեկ այլ ցեղասպանություն է իրականացնում: Եվ անում է դա նույն վճռականությամբ, և նույն ֆանատիզմով:

Մենք հրաշալի գիտենք թե ինչ է եղել այն ժամանակ և հրաշալի գիտենք թե ինչ է տեղի ունենում այսօր: Եվ դարձյալ նախընտրում ենք լռությունը` խղճի խոսքից: Մենք նույնն ենք մնացել և դրա արդյունքում առավել բարբարոս մի Չորրորդ Ռեյխ է հառնում այսօր քաղաքակրթության բնօրրանում

 

Հարյուր տարի անց` պարզվում է, որ «Ց»-ով սկսվող բառն ամբողջությամբ արտասանելու համար պետք է կենդանի սուրբ լինել` Հռոմի Պապ, Ֆրանցիսկոս: Բառ, որ բազում եվրոպական պետություններ դեռևս զգուշանում են արտաբերել:

 

«Ցեղասպանությունն» այն բառն է, որ պետք է օգտագործել: Արտաբերելուց սարսափելու փոխարեն մենք պետք է զարհուրենք նրանից` որ հետևում է այդ լռությանը: Որքան ավելի ենք մենք անտեսում մի ցեղասպանությունը, այնքան ավելի սարսափելի է դառնում հաջորդը: Այո` Հայոց Եղեռնը ցեղասպանություն էր և այոմենք ապրում ենք նոր ցեղասպանությունների դարաշրջանում: Եվ այո` մենք կրում ենք պատասխանատվություն մեր լռելյայն դիտարկման համար, որ մասնակցության է հավասար, որն էլ իր հերթին` մեկ այլ հանցանք է ինքնին:

 

Հարյուր տարի անց ճիշտ ժամանակն է` թեև ուշացած, վերջ դնելու ամոթալի լռությանը: Եվ այո` հանցավոր անտարբերությանը նույնպես:

 

Շնորհակալություն»: