Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթում աշխատելու համար ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլաևան հայտնվել է ադրբեջանական լրատվամիջոցների թիրախում: Նրա դեմ սպառնալիքների տարափը վերջերս ավելի է ուժգնացել:
Ըստ «Ակօս»-ի՝ Գեյբուլաևայի դեմ լարվածությունը սկսվել էր modern.az-ին տված հարցազրույցից հետո, որում հարցազրույց վարողը «Ակօս»-ը ներկայացրել էր որպես «թշնամի», իսկ Գեյբուլաևան հայտնվել էր Ադրբեջանի լրատվամիջոցների քննադատության և հակակրանքի կենտրոնում: Modern.az-ը հարցազրույցը այնպես էր ներկայացրել, որն ավելի էր սրել լարվածությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում:
«Հնարավո՞ր է` մի ժողովրդի հողերը զավթած, արտագաղթի ստիպած թշնամու հետ նույն տանիքի տակ, դեմ առ դեմ լինել:Այսօրինակ հարցերին modern.az-ին պատասխանել է Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի ադրբեջանցի թղթակից Արզու Գեյբուլաևան»,- այս խոսքերով էր ներկայացրել կայքը Գեյբուլաևայի հետ հարցազրույցը:
Modern.az-ի թղթակցի՝ Գեյբուլաևային ուղղված հարցերը հետևյալն էին՝ «Գաղտնիք չէ, որ «Ակօս» թերթը հայկական է, որի խմբագիրը մի ժամանակ Հրանտ Դինքն էր: Որպես այնտեղ աշխատող ադրբեջանցի՝ Ձեզ հետ ինչպե՞ս են վերաբերվում: Ադրբեջանցի լինելու համար Ձեր գրածները ենթարկվո՞ւմ են գրաքննության: Ինչպիսի՞ն է «Ակօս»-ի աշխատակիցների տեսակետը Ձեր մասին: Ձեզ հետ ագրեսի՞վ են: «Ակօս»-ում աշխատելու համար Ձեզ դատապարտո՞ւմ են»:
Ադրբեջաներերով հրատարակվող aznews.az, musavat.com, newstimes.az, azinform.az կայքերը շարունակում են Գեյբուլաևային հալածելը:
Aznews.az-ի թղթակից Ալնուր Էլթուրքը գրել է. «Թուրքիայում հայերի ամբիոնում՝ «Ակօս»-ում, աշխատող Արզու Գեյբուլաևան Ադրբեջանի դեմ հոդվածներ է գրում: Թե սա ինքը ինչպես կմեկնաբանի, իր անձնական խնդիրն է: Ըստ իս՝ նրա այս քայլը թշնամու հացին յուղ քսել ու հայրենիքի դեմ համագործակցել է»:
«Հայկական մամուլում աշխատել, առավել ևս` հայերի հետ, նշանակում է նրանցից մեկը լինել: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` ստորություն: Մինչև կյանքիս վերջը հային չեմ ընկերակցի: Եթե նրանց հետ մտերմանամ, ես այս հայրենիքի զավակը չեմ: Ամենաանպատիվ մարդը կլինեմ»,- ասել է Apa.tv-ի լրագրող Էլնուր Հիդայեթօղլուն:
«Ասում են, որ փողի համար եմ աշխատում: Ինձ դավաճան և «հայի շուն» են անվանում: Խելքից դուրս հայհոյանքներ են հնչեցնում: Հոգնել եմ»,- ասել է Արզու Գեյբուլաևան: