կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-01 11:40
Առանց Կատեգորիա

Սպառնում են հայկական գյուղի վաճառքը լուսաբանած պոլսահայ լրագրողին. հարցազրույց

Սպառնում են հայկական գյուղի վաճառքը լուսաբանած պոլսահայ լրագրողին. հարցազրույց

Վերջերս մեծ աղմուկ էր բարձրացրել պոլսահայ լրագրող Արիս Նալջըի արձագանքը հայկական գյուղի (նախկինում հայկական գերեզմանատան տարածք) վաճառքի վերաբերյալ` թուրքական T24-ում հրապարակված լուրին: Այն մեծ ուշադրության էր արժանացել ոչ միայն թուրքական, այլ նաև հայկական լրատվամիջոցներում: Գուցե հենց այդ պատճառով թուրքական Sabah պարբերականը շտապել է հերքել լուրն ու մեղադրել հայկական լրատվամիջոցներին՝ հերթական անգամ կիրառելով «բառախաղի»` իրենց հմտությունները:

 

Համաձայն Sabah-ում հրապարակված լուրի՝ հայերը շուրջ 700 տարի ապրել են Բուրսա շրջանի Քարսաք գյուղին հարակից Գյուվենլի գյուղում, սակայն «գանձ որոնողներին գրավիչ դարձնելու նպատակով» է անշարժ գույքի գործակալը նախընտրել այն ներկայացնել որպես հայկական գյուղ: Այսինքն` կայքն ուզում է համոզել, որ, այո', հայերն այնտեղ ապրել են, բայց դա դեռ չի նշանակում, որ տարածքը հայերինն է:

 

Կայքը շտապել է «մեղավոր ճանաչել» անգամ հայկական լրատվամիջոցներին՝ վաճառքի հանված տարածքները որպես հայկական գյուղ ներկայացնելու համար:

 

Այս ամենից հետո համացանցում լուրեր են տարածվել պոլսահայ լրագրողին սպառնալու վերաբերյալ:

 

Լուրերի հավաստիությունը ճշտելու նպատակով Yerkir.am-ը հարցազրույց է արել պոլսահայ լրագրող, IMC հեռուստաընկերության խմբագիր Արիս Նալջըի հետ:

 

- Ձեզ սպառնալու վերաբերյալ լուրեր են տարածվել: Ովքե՞ր են սպառնում և ինչո՞վ:

 

- Լուրի հրապարակումից հետո քննիչներն այցելել են այդ գործակալություն (անշարժ գույքի- խմբ.): Ասել են՝ ինչպե՞ս կարող եք գերեզմանատունը վաճառել: Գործակալության սեփականատերն ու աշխատակիցները մի քանի անգամ զանգահարեցին և նամակ ուղարկեցին ինձ՝ զգուշացնելով չգնալ գյուղ (Բուրսա):

 

- Թուրքական Sabah-ը հերքում է գյուղի` հայկական լինելու մասին լուրը և պնդում, որ հայտարարությունը պարզապես ուշադրություն գրավելու համար է եղել:

 

- Այո: Սակայն, լուրը հերքելով, իրականում հաստատում են այն:

 

- Այսի՞նքն:

 

- Ասում են` գյուղը հայկական է եղել, բայց նախկինում…( Sabah` հայերը շուրջ 700 տարի ապրել են Գյուվենլի գյուղում):

 

- Դուք պատրաստվո՞ւմ եք նրանց լուրի դեմ նոր հոդված հրապարակել կամ Ձեր լուրի հավաստիության մասին ինչ-որ փաստ ներկայացնել:

 

- Ես մտադրված չեմ նրանց ուշադրություն դարձնել: Այդ լուրն արված է, որպեսզի Sabah-ի «գյուղացիներն» իրենք իրենց ապահով զգան (ծիծաղում է): Թող քարտեզը նայեն:

 

- Չե՞ք վախենում սպառնալիքներից: Դրանց դեմ ինչ-որ բան ձեռնարկե՞լ եք:

 

- Չեմ վախենում, բայց այդ հարցով արդեն դիմել եմ իմ փաստաբաններին: Նրանք կզբաղվեն դրանով: Յորաքանչյուրն էլ փոքր-ինչ վախենում է: Կարծում եմ՝ դա մարդկային արձագանք է նման երևույթներին: Ինչ կատարվում է, մարդկային իրավունքներին հարիր չէ:

 

- Կարծում եմ` այս լուրի` մեծ արձագանքի արժանանալը հատկապես կապված է ճիշտ ժամանակ ընտրելու հետ: Հատկապես վերջին շրջանում թուրքական բոլոր լրատվամիջոցները Հայոց ցեղասպանության, հայերի, Հրանտ Դինքի և Լեռնային Ղարաբաղի մասին լուրերով են ողողված…

 

- Այո, այդպես է:

 

Yerkir.am-ի խնդրանքով Նալջըն անդրադարձավ նաև Թուրքիայում Գեզի համալսարանի և Ադրբեջանի դեսպանատան կողմից նախաձեռնված` «Հայերի իրագործած ցեղասպանությունը» խորագրով մրցույթին, որի արդյունքների հրապարակման ամսաթիվ են ընտել «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ը:

 

- Պատահակա՞ն է արդյոք, որ այդ մրցույթի արդյունքները հայտնելու համար ընտրել են հենց Հրանտ Դինքի սպանության օրը:

 

- Ադրբեջանցիները միշտ էլ այդպես են անում: Իրենց օրակարգը Թուրքիայի ազգայնամոլական օրակարգի հետ համատեղելու նպատակով նման ամսաթվեր են ընտրում: Սա էլ դրանցից մեկն է:

 

Հիշեցնենք, որ Գեզի համալսարանն ու Ադրբեջանի դեսպանատունը այդ «փայլուն» միտքն են հղացել այն բանից հետո, երբ Թուրքիայում մի խումբ հայտնի մարդիկ` լրագրողներ, մտավորականներ, մաթեմատիկոսներ, ստորագրահավաք են սկսել՝ հակահայ հայտարարություններով և կեղծված պատմություններով ողողված պատմության դասագրքերը հավաքելու և հայ ուսանողներից ներողություն խնդրելու պահանջով: Ի դեպ, սպառնալիքներ են ստացել նաեւ ստորագրահավաքին միացած երկու հայամետ լրագրողներ` Մուրաթ Բելգեն և Ադըն Էնգինը: 

 

 

Հարցազրույցը՝ Արազ Գայմագամեանի