կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-04 10:11
Սպորտ

Ըմբշամարտ. Նարեկ Սանոյանը՝ բանակայինների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Ըմբշամարտ. Նարեկ Սանոյանը՝ բանակայինների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Երեկ` հոկտեմբերի 3-ին, ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում մեկնարկել է ազատ ոճի բանակային ըմբիշների աշխարհի 29-րդ առաջնությունը: Մրցաշարի 1-ին օրը մեդալներ էին խաղարկվում տղամարդկանց 57, 61, 65 և 70 կգ քաշային կարգերում: Ստուգատեսին Հայաստանի ազատ ոճի 3 ըմբիշներ են մասնակցում, որոնցից երկուսը երեկ արդեն մրցագորգ ելան

Մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ`   65 կգ քաշային Նարեկ Սանոյանը  վստահ ելույթների շնորհիվ հասել է եզրափակիչ ու, միայն գլխավոր գոտեմարտում զիջելով մրցակցին, դարձել է բանակայինների աշխարհի փոխչեմպիոն և Հայաստանի ընտրանուն հաշվարկային 15 միավոր պարգևել: Նարեկը վիճակահանության արդյունքներով 1/8-րդ փուլում ազատ էր, ուստի պայքարն սկսեց քառորդ եզրափակչից: Նա նախ 4 րոպե 32 վայրկյանում մաքուր հաղթանակ տոնեց ղազախստանցի Ազամատ Շաղափուլի նկատմամբ, ապա կիսաեզրափակիչում 4:1 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Ջամել Ջեկսոնին ու մտավ եզրափակիչ: Այսօր վաղ առավոտյան կայացած եզրափակիչում Սանոյանն անզիջում ու համառ պայքարում 6:8 հաշվով զիջեց Ուկրաինայի պատվիրակ Եվգենի Խավիլովին և  ստիպված եղավ բավարարվել արծաթե պարգևով, որը ևս մեծ նվաճում է երիտասարդ ըմբիշի համար:

61 կգ քաշային կարգում հանդես եկած արմավիրցի Արտակ Հովհաննիսյանը շատ վստահ մեկնարկեց ու 1/8-րդ փուլում 12:1 հաշվով հաղթեց պակիստանցի Սաջադ Իքբալին: Բայց Արտակը քառորդ եզրափակիչում  չափազանց լարված պայքարում 3:4 հաշվով պարտվեց գերմանացի Մարչել Էվալդին ու բավարարվեց միայն մեր ընտրանուն պարգևած հաշվարկային 2 միավորով:

 

Այս քաշային կարգում ելույթ ունեցող Ուկրաինայի չեմպիոն Նիկոլայ Այվազյանը 1/8-րդ փուլում 11:0 հաշվով առավելության հասավ Հնդկաստանի պատվիրակ Պարդիպ Կումարի նկատմամբ: Սակայն քառորդ եզրափակիչում ազգությամբ հայ ըմբիշը զիջեց ապագա չեմպիոն, Մոնղոլիայի ներկայացուցիչ Նարմադախին: Քանի որ վերջինս հասավ մինչև եզրափակիչ, ապա Այվազյանը իրավունք ստացավ սփոփիչ գոտեմարտի մասնակցել: Այստեղ նա 10:0 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Շելդոն Վիլդերին: Նիկոլայը 3-րդ տեղի համար մենամարտում 7:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ  Մարչել Էվալդի նկատմամբ և Ուկրաինայի հավաքականին բրոնզե մեդալ ու հաշվարկային 10 միավոր պարգևեց:

57 կգ քաշային կարգում բանակայինների  աշխարհի չեմպիոն դարձավ Հնդկաստանի պատվիրակ Սանդխի Տոմարը, իսկ 70 կգ-ում`Մոնղոլիայի ներկայացուցիչ Մանդախնարան Գանզորիգը:

Այսօր մեդալներ կխաղարկեն մյուս չորս՝ 74, 86, 97 և 125 կգ քաշային կարգերի ըմբիշները:

Հայաստանի պատվիրակներից մրցագորգ դուրս կգա 97 կգ քաշային Վիկտոր Կազիշվիլին, ով այս ստուգատեսում անցյալ տարի կարողացել է բրոնզե մեդալ նվաճել: