կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-14 17:02
Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ. աշխարհի թիմային առաջնության ժամանակացույցը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ. աշխարհի թիմային առաջնության ժամանակացույցը

Արդեն տեղեկացրել ենք, որ  մայիսի 15-17-ը Իրանի մայրաքաղաք Թեհրանում, աշխարհի 10 ուժեղագույն ընտրանիների մասնակցությամբ, կայանալու է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի թիմային գավաթի 32-րդ խաղարկությունը: Վիճակահանությամբ մասնակից 10 հավաքականները բաժանվել են 2 խմբի: Ա խմբում ընդգրկված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հունգարիայի և Ղազախստանի հավաքականները:  Բ խմբում ընդգրկված են Իրանի, ՀԱՅԱՍՏԱՆԻ, Ադրբեջանի, Հարավային Կորեայի և Ֆինլանդիայի ընտրանիները:

 

Հավաքականների թիմային հանդիպումները կանցկացվեն 59, 66, 71, 75, 80, 85, 98, 130 կգ քաշային կարգերում: Ստուգատեսում աշխարհի գավաթակիր դարձած հավաքականը կարժանանա 30 հազար, 2-րդ հորիզոնականը զբաղեցրած ընտրանին` 15 հազար, իսկ մրցանակային եռյակը եզրափակած հավաքականն էլ` 10 հազար դոլար պարգևավճարի: Բացի դրամական պարգևներից, մրցանակային եռյակում տեղ գրաված հավաքականների անդամները կստանան համապատասխան հարգի մեդալներ ու դիպլոմներ, իսկ մրցաշարի հաղթողին կհանձնվի նաև աշխահի գավաթը:

 

Ինչպես տեղեկացնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մրցաշարի ժամանակացույցն այսպիսին է`մայիսի 14-ին ժամը 18-19-ին (Իրանի ժամանակով) բոլոր քաշային կարգերի ըմբիշների կշռումը: Մայիսի 15-ին ժամը 9.30-13.30 խմբային մրցաշարերի 1–ին և 2-րդ հանդիպումները: Ժամը 16.30-21.00 խմբային մրցաշարի 3-րդ և 4-րդ հանդիպումները: Մայիսի 16-ին ժամը 9.30-13.30 9/10, 7/8, 5/6-րդ տեղերի համար հանդիպումները: Ժամը 16-19-ը 3/4 և 1/2–րդ տեղերի հանդիպումները: Հայաստանի ընտրանին թեհրանյան մրցագորգում հանդես կգա 2-րդ համարներով ու մրցավայր է ներկայացել հետևյալ կազմով՝ Նարեկ Խաչատրյան 59 կգ, Գևորգ Սահակյան 66 կգ, Ռաֆայել Ալեքսանյան 71 կգ, Կարապետ Չալյան 75 կգ, Ռաֆիկ Մանուկյան 80 կգ, Հրաչ Հովհաննիսյան 85 կգ, Մովսես Ադամյան 98 կգ, Վաչիկ Եղիազարյան 130 կգ:

 

Թեհրանում մեր թիմը կգլխավորի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, նրան կօգնի Մովսես Կարապետյանը: