Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան Նյու Ջերսի քաղաքում ընթացող` բանակայինների ըմբշամարտի 29-րդ աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի մրցաշարի 1-ին օրը Հայաստանի պատվիրակները փայլուն հանդես եկան. մրցագորգ դուրս եկած մեր բոլոր 4 ըմբիշներն էլ անմասն չմնացին խաղարկվող մրցանակներից:
Մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ` Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ ելույթ ունեցած մեր ըմբիշներից երկուսը` Գևորգ Սահակյանը (66 կգ) և Կարապատ Չալյանը (75 կգ), հաղթանակով ավարտվեին իրենց անցկացրած բոլոր գոտեմարտերն ու, թիմային 15-ական միավոր պարգևելով Հայաստանի հավաքականին, արժանացան ոսկե մեդալների:
66 կգ քաշային Գևորգ Սահակյանը, ով անցյալ տարի այս մրցաշարում դարձել էր աշխարհի փոխչեմպիոն, այս անգամ բարելավեց իր ցուցանիշն ու արծաթը փոխարինեց ոսկով: Գևորգն առանց մեծ դժվարության նախնական փուլերում բացահայտ առավելությամբ հաղթանակներ տոնեց մոնղոլացի Բյամբարոջի ու եգիպտոսցի Սայեդ Սայեդի նկատմամբ: Ապա կիսաեզրափակիչում 5:1 հաշվով պարտության մատնեց գերմանացի Դենիզ Մենեկսին: Իսկ ահա եզրափակիչում Սահակյանից ընդամենը 1 րոպե 34 վայրկյան պահանջվեց գետնելու ու մաքուր հաղթանակ տոնելու ամերիկացի Բրիք Սադորիսի նկատմամբ:
2013 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոն, գյումրեցի Կարապետ Չալյանն էլ իրեն հավասարը չունեցավ 75 կգ քաշայինների մրցապայքարում: Նա վիճակահանության արդյունքներով պայքարն սկսեց քառորդ եզրափակիչից, որտեղ 8:1 հաշվով հաղթեց Անգոլայի ներկայացուցիչ Աբդեկրիմ Ուակալին, իսկ կիսաեզրափակիչում էլ 8:0 հաշվով առավելության հասավ լիտվացի Վալդեմարաս Վենսկայտիսի նկատմամբ: Ամերիկացի Ջոն Անդերսոնի հետ եզրափակիչ գոտերմարտը ընթացավ չափազանց լարված ու դիտարժան պայքարում, սակայն Կարապետին հաջողվեց 4:3 հաշվով հաթել ու հռչակվել բանակայինների աշխարհի չեմպիոն:
Այսօր առավոտյան ելույթներն ավարտեցին նաև 59 կգ քաշային Ռոբերտ Կիրակոսյանն ու 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը: Նրանք բավարարվեցին բրոնզե մեդալով ու թիմային 8-ական միավոր բերեցին ՀՀ ընտրանուն: Կիրակոսյանը քառորդ եզրափակիչում 6:1 հաշվով առավելության հասավ Անգոլայի պատվիրակ Բիլել Բենբրիհիի նկատամբ, սակայն կիսաեզրափակիչում զիջեց ապագա աշխարհի փոխչեմպիոն, հնդիկ Գաուրավ Շարմային: Ռոբերտը գերազանց անցկացրեց 3-րդ տեղի համար մենամարտն ու, 8:0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնելով բրազիացի Դիեգո Ռոմանելիի նկատմամբ, արժանացավ բրոնզե մեդալի: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Եգիպտոսի ներկայացուցիչ Հայթամ Ահմեդը:
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, գյումրեցի Արթուր Ալեքսանյանի ավագ եղբայրը՝ Ռաֆայել Ալեքսանյանը, բրոնզե մեդալի արժանացավ 71 կգ քաշայինների մրցավեճում: Նա քառորդ եզրափակիչում, ճիշտ է, զիջեց ապագա աշխարհի չեմպիոն` Ուկրաինան ներկայացնող Նիկոլայ Սավչենկոյին (0:10), սակայն 3-րդ տեղի համար գոտեմարտը շատ վստահ անցկացրեց ու, 6:1 հաշվով հաղթանակ տանելով գերմանացի Բենջամին Հոֆմանի նկատմամբ, նույնպես արժանացավ բրոնզե պարգևի:
Այսօր` առաջնության վերջին օրը, մրցագորգ դուրս կգան 80, 85, 98 և 130 կգ քաշային կարգի ըմբիշները: Նրանց պայքարին մասնակցողների թվում կլինի նաև 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: