կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-02 22:36
Առանց Կատեգորիա

Երբ հանրային կարծիքը ձևավորում են... «չեբուրաշկաները»

Երբ հանրային կարծիքը ձևավորում են... «չեբուրաշկաները»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքն է Սուրիկ Խաչատրյանին առաջարկել ստանձնել Սյունիքի մարզպետի պաշտոնը` հաշվի առնելով տարածքային կառավարման համակարգում նրա աշխատանքային փորձը, ինչպես նաև կազմակերպչական կարողությունները:

 

«Գրավոր բազմաթիվ զանգեր, առաջարկներ եմ ստացել ՀԿ-ներից, տարբեր կառույցներից: Հակասական պատկերացումներ կան Խաչատրյանի մասին, բայց սյունեցիների մեծ մասը ցանկություն է հայտնել, որ հաշվի առնենք իրենց կարծիքը եւ նրան ներկայացնենք մարզպետի պաշտոնում»,- ավելացրել է վարչապետը:

 

Մարզպետ նշանակելը ընդհանուր կադրային քաղաքականության հարց է: Դա բացառապես վարչապետի խնդիրը կարող է լինել միայն այն դեպքում, երբ նա է իշխանության իրական կրողը և քաղաքական որոշումներ կայացնողը: Հովիկ Աբրահամյանը դեռ այդպիսի մասշտաբների չի հասել, և գործող նախագահ Սերժ Սարգսյանն էլ դեռ այդքան չի ընկել, որ վարչապետին թույլ տա իր փոխարեն նման կադրային հարցեր լուծել: Առավել ևս` այնպիսի կերպարի պարագայում, ինչպիսին Լիսկան է: Հետևաբար` վարչապետը նրան մարզպետի պաշտոնին վերադարձնելու առաջարկ կարող էր անել առնվազն նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնությունը, եթե չասենք` ուղիղ հրահանգը ստանալու պարագայում:

 

Բայց Հովիկ Աբրահամյանը, ԱԺ-ում անելով այս հայտարարությունը, Լիսկային Սյունիքի մարզպետ դարձնելու ամբողջ պատասխանատվությունը փորձում է վերցնել իր վրա: Սա Սերժ Սարգսյանին բարոյական ծանր բեռից ազատելու ժեստ է: Մյուս կողմից` Հովիկ Աբրահամյանը դրանով փորձում է ցույց տալ, որ պատրաստ է իր վրա վերցնել կարևոր ու ոչ միանշանակ որոշումների պատասխանատվությունը, դրանով հանդերձ` իշխանական համակարգին տեր լինելու հանձնառությունը:

 

Հովիկ Աբրահամյանն այսպիսով փորձում է, մի կողմից, շահել նախագահի վստահությունը, մյուս կողմից` թիմին ցույց տալ իր իրական պոտենցիալը և համոզմունք ներշնչել, որ կարող է, հանուն կոնյունկտուրայի, հանուն համակարգային շահի, բացահայտ մարտահրավեր նետել հանրային կարծիքին և դրան դեմ գնալ:

 

Սակայն վարչապետն իր դիրքերն ամրացնելու այս քայլն անում է պետության, իր ղեկավարած կառավարության և անձամբ իրեն հեղինակազրկելու հաշվին: Թեև պետք է հասկանալ` հասարակությանն այդպիսի մարտահրավեր նետող կառավարության համար գոյություն ունե՞ն առհասարակ բարոյական նման չափանիշներ, թե՞ ոչ: Նախ` այն հիմնավորմամբ, թե Լիսկային այդ առաջարկն արել է, տարածքային կառավարման ոլորտում նրա ունեցած փորձառությունը հաշվի առնելով, վարչապետը խոստովանում է, որ այդ ոլորտում նրանից ավելի լավ ու մակարդակով կադր ո'չ կառավարությունը, ո'չ էլ քաղաքական մեծամասնությունը ներկայացնող ՀՀԿ-ի «ռեզերվը» չունեն:

 

Միայն խղճալ կարելի է այն իշխանության համար, որի հույսը տարածքային կառավարման ոլորտում մնացել են տարբեր հանցագործությունների համար մի քանի անգամ դատվածները: Թեև վարչապետը լիարժեք հնարավորություն ունի արդարանալու, որ Լիսկային այդ առաջարկն արել է պարզապես Սյունիքի կառավարման համակարգի պատմափիլիսոփայական շերտերի մասին` Խաչատրյանի դոկտորական ատենախոսության ազդեցության տակ մնալու արդյունքում:

 

Երկրորդ` Հովիկ Աբրահամյանն ուզում է հավատացնել, որ Լիսկային իր պաշտոնին վերադարձրել են նաև սյունեցիների, ինչ-որ ՀԿ-ների թախանձագին, ծնկաչոք աղաչանք-պաղատանքներին տուրք տալու արդյունքում: (Պետք է հուսալ, որ ինքնասպանության փորձեր չեն եղել): Սա, իհարկե, Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի դարպասների մոտ դիմավորելու` չափազանց վատ ռեժիսուրայով և դերասանական անսամբլով բեմադրված թատրոնի շարունակությունն է:

 

Չի բացառվում, իհարկե, որ Խաչատրյանին վերադարձնելու խնդրագրերի տրցակ Աբրահամյանն իր տրամադրության տակ ունի: Ավելի ճիշտ` թերևս հենց այդպես էլ կա, փառք Աստծո, սեփական «չեբուրաշկաների» պակաս ո'չ իշխանությունը, ո'չ էլ առավել ևս սյունյաց բդեշխը չունեն: Եթե հնարավոր է նրան դոկտորի աստիճան շնորհել, վաղը գուցե նաև գիտության մեջ ունեցած անգնահատելի վաստակի համար Լիսկային նաև Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ կարգել, մի քանի խնդրագիրն ի՞նչ է, որ չկարողանան տալ վարչապետին` նրա համար յուրօրինակ ալիբի ապահովելու համար:

 

Բայց տրամաբանական հարց է առաջանում, եթե այդ խնդրագրերը կարելի է ներկայացնել որպես սյունեցիների հավաքական կարծիքի ու կամքի արտահայտություններ և դրանք հիմք դարձնել սեփական դիմումի համաձայն սպանության պատճառով հրաժարական տված պաշտոնյային ետ վերադարձնելու համար, ապա ինչո՞ւ չի կարելի բազմահազարանոց բողոքի ակցիաներ իրականացնող փոքր ու միջին բիզնեսի, առևտրի ոլորտի ներկայացուցիչների խնդրանքներն ու պահանջները հիմք ընդունել`«Շրջանառության հարկի մասին» օրենքում շտկումներ կատարելու համար: Ի վերջո, հանրային կարծիքը մնում է հանրային կարծիք, անկախ նրանից` դա հնչում է Սյունիքի՞ց, Երևանի՞ց, թե՞ Գյումրիից:

 

Եթե դա է վարչապետի, իշխանության որոշումների վրա ազդող միակ գործոնը, հիմքը, չափորոշիչը, ապա հասարակական կարծիքն այդքան հարգող կառավարությունը վայրկյան առաջ պետք է կատարեր ոչ միայն վաճառականների, այլև մնացած բոլոր այն հասարակական շրջանակների պահանջները, որոնք այս օրերին նույնպիսի ակցիաներով հեղեղել են փողոցներն ու կառավարության, ԱԺ-ի հարակից տարածքները: Ուրեմն ո՞րն է նման ընտրողական վերաբերմունք, խտրողականություն ցուցաբերելու պատճառը, գուցե հասարակական կարծիք արտահայտելու իրավունքը միայն «չեբուրաշկաների՞ն» է տրված, թե՞ այս բողոքի ու պահանջների թիկունքում լիսկաներ չկան:

 

Գևորգ Աղաբաբյան