կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-12 16:18
Քաղաքական

Երբ խմբակցությունը չի հարգում իր կարծիքը, բայց հաշվում է այլ ուժի կարծիքը կիսողներին

Երբ խմբակցությունը չի հարգում իր կարծիքը, բայց հաշվում է այլ ուժի կարծիքը կիսողներին

Վերջին օրերին քաղաքական ուժերը կրկին սկսել են խոսել ռեյտինգային ընտրակարգի անարդյունավետության, թերությունների մասին: Մասնավորապես` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իրենք ցանկանում են` այդ ընտրակարգը վերանայվի, և ասաց, որ դիմելու են ՀՅԴ-ին, քանի որ այդ կուսակցությունն իր Բյուրոյի և ԳՄ-ի համատեղ նիստի հայտարարության մեջ ևս անդրադառնում է հարցին, որ ընտրակարգը պետք է փոխել: Պատգամավորը հետո արդեն լրագրողներին հայտնեց, որ հանդիպել է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ, և գուցե այս հարցում տեղի ունենա քաղաքական կոնսենսուս:

Անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության հետ այս հարցում համագործակցելուն` Ռուստամյանը հայտարարել էր. «Տանենք, քվեարկենք, թող չընդունեն. այս մոտեցումը մեզ համար ընդունելի չէ: Մենք այդպիսի մոտեցումը չենք համարում կառուցողական: Ենթադրենք` այդ երկու ամիսը հետաձգվել է, երկու ամսվա մեջ բերել են հանձնաժողով, և այն տվել է բացասական եզրակացություն: Ընթացքն ինչպիսի՞ն է. հետո գալու է ԱԺ, քվեարկվի և չմտնի օրակարգ, հետո՞, դրա հաճույքը ո՞րն է, այդ ձևը համար ընդունելի չէ: Մենք գնանք նրան, որ հաստատ գիտենք` չի ընդունվելու, այդ ճանապարհն ինչո՞ւ անցնենք, դրա իմաստը ո՞րն է»,- ասել էր պատգամավորը, ապա հավելել. «Ավելի լավ է դանդաղ գնանք, բայց տեղ հասնենք, այլ ոչ թե շտապենք ինչ-որ մի կրակոց, հրավառություն տալու համար, որի արդյունքը զրո է»:

Իր հերթին «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Գևորգ Պետրոսյանը, շտապել էր գնահատել Ռուստամյանի այս հայտարարությունը: «Այսօր շատերն են օգտվում իրենց կարծիքն ազատորեն արտահայտելու սահմանադրական իրավունքից: Խնդիրն այն է, որ այդ կարծիքը կիսողների թվաքանակը կարելի է նույնացնել մի հացի խանութի մոտ հերթ կանգնած մարդկանց թվաքանակին»,- ասել էր նա հարցազրույցներից մեկում:

Այսպիսի հայտարարություն է իրեն թույլ տալիս մի խմբակցության անդամ, որի խմբակցությունն ամբողջ 6-րդ գումարման ԱԺ նստաշրջանում հավատարիմ չէ նույնիսկ ինքն իր հայտարարած սկզբունքներին: Հարկավոր է թարմացնել խմբակցության պատգամավորի հիշողությունը` մի քանի օրինակներ բերելով:

Դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ, երբ հայտարարվեց, որ այն սահմանադրական օրենք է, և հարկավոր է պատգամավորների` առնվազն 3/5–ի քվեարկությունը, որպեսզի օրենքն ընդունվի, իսկ խորհրդարանական ընդդիմությունը դեմ էր, թե' «Ելք» և թե' «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի քվեարկությանը, որպեսզի օրենքը չընդունվի, սակայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Ազիզյանը կողմ քվեարկեց, և օրենքն ընդունվեց:

Դրանից հետո ԱԺ-ն մի շարք սահմանադրական օրենքներ ևս ընդունեց, և «Ծառուկյան» խմբակցությունը թեև թունդ ընդդիմադիրի նման քննադատում էր ոչ միայն սահմանադրական օրենքները, այլև ցանկացած հարց, որ բերվում էր խորհրդարան, այդուհանդերձ, երևի հիշելով վերոնշյալ «անախորժությունը», քվեարկության ժամանակ անգիր արած կրկնում էր. «Թեև «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է արտահայտվել նախագծին, սակայն պատգամավորները կքվեարկեն անկախ»:

Ամենաթարմ օրինակը վերջին արտահերթ նիստում քննարկվող մի շարք կարևոր նախագծերն էին, մասնավորապես` «Ներման մասին» օրենքին ազատ քվեարկեցին այդ խմբակցության պատգամավորները, իսկ ահա Անվտանգության խորհրդի մասին օրենքին ամբողջ խմբակցությունը կողմ քվեարկեց, թեև ամենասուր քննադատությունները նրանցն էին, իսկ կողմ քվեարկելու պատճառաբանությունը զավեշտալի էր. ««Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի օրենքի նախագծին, թեև կազմի հետ կապված մտահոգություններ ունենք, բայց կա Անվտանգության խորհրդի կարիք»: Սա ասել էր ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

Ինչևէ, կարելի է շատ օրինակներ բերել, երբ այս խմբակցությունը նույնիսկ իր իսկ կարծիքը չի կիսում, ինքն իր տեսակետը չի հարգում, բայց խմբակցության պատգամավորն իրեն թույլ է տալիս այլ կուսակցության կարծիքը կիսողների թիվը հաշվել:

Ի դեպ, այս խմբակցությունը խուսափում է նաև ԱԺ ճեպազրույցներից, թերևս հնարավոր է` մտածում են, եթե գան ճեպազրույցներին, լրագրողները նրանցից կհետաքրքրվեն` ինչո՞ւ չեն հարգում իրենց սեփական կարծիքը:

 

Ամալյա Առաքելյան