կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-09 16:50
Քաղաքական

Երբ Դավութօղլուի այցը կայանա, Տիգրան Ուրիխանյանը կհայտնի իր կարծիքը

Երբ Դավութօղլուի այցը կայանա, Տիգրան Ուրիխանյանը կհայտնի իր կարծիքը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Հայաստան կատարելիք այցի կապակցությամբ վերաբերմունք հայտնել ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չի կարող եւ չի էլ ուզում, որովհետեւ այցը դեռ չի կայացել, եւ երբ կկայանա ու երբ կլինի եզրակացություն, այն ժամանակ էլ նա կհայտնի համապատասխան կարծիք: Yerkir.am-ին նա այսօր ասաց նաեւ, որ այդ այցից  որեւէ ակնկալիք չունի:

 

Իսկ ԲՀԿ-ում Դավութօղլուին բողոքի ակցիաներով կամ ցույցերով «դիմավորելու» հարցը, ըստ նրա, նույնիսկ չի էլ քննարկվել: Ոևրիխանյանը նշեց, որ անձամբ որեւէ կերպ չի պատրաստվում ո'չ դիմավորել Թուրքիայի արտգործնախարարին, ո'չ էլ որեւէ առնչություն ունենալ այդ այցի հետ:

 

«Այցից հետո, եթե տեղի ունենան ուշագրավ իրադարձություններ, պատրաստ կլինեմ մեկնաբանություններ տալ: Ուզում եմ հավատալ, որ բանակցային ինչ-որ տեղաշարժ կլինի, բայց, անկեղծ ասած, մեծ ակնկալիքներ չունեմ»,- նշեց նա:

 

Հարցին` ինչ-որ նախադրյալներ կա՞ն, որ ԲՀԿ ներկայացուցչին նման հավատ են ներշնչել, Ուրիխանյանը պատասխանեց, թե այցն ինքնին նշանակում է, որ պաշտոնական Երեւանն ու Անկարան, կարծես, նոր բանակցություններ են վերսկսում: Yerkir.am-ի դիտարկմանը, թե այդ այցը Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների համաժողովի շրջանակներում է, նա արձագանքեց. «Դրա համար` առավել եւս, եթե ինչ-որ բան տեղի կունենա, եւ եթե դրանից բխի հայաստանյան կողմի շահը, ես ուրախ կլինեմ, եթե ոչ` ոչ: Առանձնապես մեծ ակնկալիք չունեմ»:

 

Իսկ Դավութօղլուին ինչ-որ ցույցով կամ բողոքի ակցիայով դիմավորելու երեւույթին Տիգրան Ուրիխանյանը միանշանակ չի վերաբերվում' նայած, թե ինչ միջոցառում է տեղի ունենալու եւ ինչ բովանդակություն է հաղորդվելու դրան: «Ամեն դեպքում' ցանկանում ենք ապրել ժողովրդավարական երկրում, եւ ցանկացած ոք, օրենքի շրջանակներում, իրավունք ունի ազատորեն հայտնելու իր կարծիքը, բողոքը եւ այլն»,- եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը: