Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրային առաջին հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվում նոր երաժշտական նախագիծ` «Ամենակարող երգիչը», որը, սակայն, հանրության և արվեստագետների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել: 6/8-ը՝ լավագույն տասնյակի կատարմամբ. «Ամենակարող երգիչը» հաղորդման առաջին եթերի այս գովազդից պարզ է դառնում, որ ժյուրիի կազմում է նաև հատուկ հյուրը` Սպիտակցի Հայկոն, ով մասնակիցներից մեկին խորհուրդ է տալիս. «Խաղերդ ավելի վստա՛հ, բոլորն էլ ռեստորանային կյանքով են էսօր»: Ի դեպ, change.org կայքում արդեն իսկ ստորագրահավաք է սկսվել` «Անհապաղ դադարեցնել «Ամենակարող երգիչը» նախագծի ցուցադրումը» պահանջով: Ներկայացնում ենք արվեստագետների կարծիքը հաղորդման վերաբերյալ:
Հասմիկ Պապյան. «Իհարկե, միամտություն կլինի կարծել, թե հնարավոր կլինի այսպիսի անճաշակ երաժշտություն լսելն արգելել: Թող լսեն, ովքեր որ ցանկություն ունեն, բայց սա հրամցնել Հ1-ի հեռարձակմամբ, որը տարածում ունի ողջ աշխարհում, առնվազն դավաճանություն է»:
Միքայել Ոսկանյան. «Մեզ նման հաղորդում պետք չէ, առավել ևս` պետք չէ նման հաղորդման պրոպագանդումը հեռուստատեսությամբ: Այս տեսակ ցածրորակ երաժշտությունը պետք է հնչի միայն ռեստորաններում, այն էլ` այն սակավ մարդկանց խմբերի համար, ում հաճելի է դրա տակ ուտելն ու պարելը: Հեռուստատեսությամբ, ինչպես նաև համերգասրահներում պետք է հնչի միայն բարձրարժեք և բարձրաճաշակ երաժշտություն: Նման հաղորդումները հանգեցնում են հասարակության ճաշակի անկման»:
Արամ Սաթյան. «Նախագծին ծանոթ չեմ, բայց ես կատեգորիկ դեմ եմ նման հաղորդում կյանքի կոչելուն: Հ1-ը կարծում է` դա ավելի ակտուա՞լ է, քան այն, ինչ օրենքով պետք է անեն: Սխալ է նման նախագծի` կյանքի կոչումը, թող դասական կամ ժամանակակից երաժշտությանը նվիրված նման հաղորդում անեն, ի՞նչ է, չի՞ նայվի»:
Վահան Արծրունի. «Մեր ազգի մշակութային տիպարի պարզունակացումը, ռաբիսացումը, եթե կամենաք, վերջին 20-25 տարվա հետևողական քաղաքականության հետևանք է, սրա մասին վկայում են ենթամշակույթի և\' հետևողական պրոպագանդան, և\' այդ տեսակը ներկայացնող անձանց` պետական մակարդակով արժևորումը։ Սրա մասին հրապարակավ խոսել, հայտարարել եմ գրեթե նույն 20-25 տարիների ընթացքում... Այնպես որ` եթե դիտարկել այս նոր նախագիծը մատնանշված քաղաքականության համատեքստում, ոչ մի նոր բան չկա։ Մեր ազգային մշակութային բանաձևը արժեզրկելու, արվեստը ընկալելու ունակությունը բթացնելու և հանրությանը մոլորեցնելու, հանրային ճաշակը անբովանդակացնելու` պետական միջոցներով իրականացվող ազգային դավաճանություն։ Այս գործին լուծված են բոլոր ԶԼՄ-ները, բացառությամբ «Շողակաթ» ՀԸ-ի, ոմանք պետական բյուջեից, ոմանք էլ սեփական ներքին տխմար մղումով»:
Դանիել Երաժիշտ. «Եթե հեռուստաընկերությունները ճիշտ համամասնությամբ անդրադառնան մեր մշակույթին, դրա դրսևորումներին, և եթե դասականը, ժողովրդականն ու հոգևորն իրենց արժանի տեղն ունենան, ապա որևէ վտանգ դժվար թե սպառնա նման հաղորդմանը: Այդ ժամանակ ժողովրդի իմունիտետն այնքան ամուր կլինի, այնքան էկոլոգիապես մաքուր, որ նման բաները չեն կարող խանգարել, առողջ օրգանիզմին ոչ մի հարուցիչ չի կարող շարքից հանել: Բայց հիմա խախտված է համամասնությունը. ինչքան «աստղերը» շատանում են, «ծաղիկները» քչանում են: Հեռուստաընկերությունները ճիշտ կլինի, որ Ավետարանով շարժվեն` Աստծունը տան Աստծունը, կեսարինը` կեսարինը, «սլեսարինը` սլեսարինը»»:
Երվանդ Երկանյան. «Ամոթաբեր է, որ Հ1-ը փորձում են դարձնել ռեստորանային մի բան: Պետական ալիքով, որը գործում է հարկատուներիս շնորհիվ, եթեր հեռարձակել նման երաժշտություն` ոչ միայն դատապարտելի է, այլ նաև պետք է հարցականի տակ դրվի նրանց ղեկավարության պաշտոնավարման հարցը: Չի կարող մեկի կամ վերևների ճաշակով ամբողջ հանրապետությանը երաժշտական ճաշակ թելադրել: Բոլորս էլ գիտենք, որ վերևներում նման երաժշտություն լսողներ և այդ երաժշտությանը ծափահարողներ կան, բայց դա եթեր մտցնելն անթույլատրելի է»:
Նարինե Դելլալյան. «Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է։ Կոմիտաս, ով մեզ վերադարձրեց ժողովրդի ստեղծած երգը, մշակույթը և հայ ժողովուրդը վերագտավ իրեն, ապրեց իր հոգևոր վերածնունդը։ Հենց այսօր, սակայն, ազգովի կանգնած ենք մի չարիքի դեմ, որը մեր իսկ ինքնության վրա է ծիծաղում։ Տարիներով հանդուրժած, ռաբիս անունը կրող աղբը եկել ու չոքել է մեր կոկորդներին ու սպառնում է վերջնականորեն խեղդել մեզ։ Սահմաններ կան, որոնք խախտելն անբարոյականություն է, հանցանք է, և եթե Հայաստանի հեռուստատեսությունը մասնակցում է այդ հանցագործությանը, ապա կնշանակի, որ մշակութային ցեղասպանությանը ոտք ու ձեռք է տալիս իրագործվելու համար։ Երբ փողոցը, ռեստորանը, անկյունում պպզած տղաների ճաշակը բեմ է բարձրանում, երբ ամենաօտար ու ողբալի կլկլոցներ տարածողները խրախուսվում են և պարգևատրվում պետության կողմից, սա մեր վերջն է գուժում։ Բավ է, եկող սերունդը մեղք չի գործել նման պատիժ կրելու համար։ Մի\' թաթախեք մեզ աղբի մեջ, մի\' օտարացրեք մեզ մեզանից։ Հիշենք, որ մի օր ստիպված ենք լինելու նայել մեր մեծերի աչքերին, ու վայ մեզ, եթե նրանք իրենց մեջքը շուռ տան ազգին»:
Հարցի վերաբերյալ Հանրային առաջին հեռուստաընկերության պարզաբանումը` շուտով: