Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող զարգացումներում ակնհայտ էին հոգեբանական և էմոցիոնալ դրսևորումները: Այդ ամենի մասին Yerkir.am-ը զրուցեց հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ:
Հոգեբանը նշեց, որ ինքն այն մարդկանցից է, ովքեր հիացած են այդ օրերին «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության շատ մտածված, գրագետ գործողություններով: Ըստ նրա` այդ գրագետ գիծը դեռ կարող է շարունակվել և, հավանաբար, կշարունակվի:
«Գիտե՞ք, ամեն ինչ մի տեսակ մաքուր էր, նույնիսկ այնտեղ հնչող երաժշտությունն էր մաքուր: Իսկապես, 1988-ի շունչը կար, ազգային զարթոնքի նման մի բան կար Բաղրամյան պողոտայում: Եվ երբ մաքուր են գաղափարները, ճշգրիտ ու արդարացի, համատարած մաքրման երևույթ է սկսվում»,- ասաց Կարինե Նալչաջյանը:
Հոգեբանը միաժամանակ հավելեց, որ կար պայթյունավտանգ վիճակ, եզրով գնալու զգացողություն և լարված պահ` հանկարծ չսայթաքեն, հանկարծ չվրիպեն, որովհետև կարող էր սկսվել «գունավոր հեղափոխություն» կոչվածը: Նա նշեց, այդ գունավոր հեղափոխությունից մի անգամ Հայաստանը փորձել է խուսափել, ավաղ` 10 զոհ ունենալու գնով:
Կարինե Նալչաջյանը նշում է, որ, որպես մասնագետ, ինքը նկատել է, որ ամեն վայրկյան կարող էր լինել անկառավարելի վիճակ, քանի որ հուզականությունը բարձր մակարդակի վրա էր, ու նման դեպքերում մարդիկ կարող են տրվել լավ մտածված սադրանքներին, ինչը անկհայտ էր երեկ Բաղրամյան պողոտայում, երբ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:
Հոգեբանը համաձայն չէ այն կարծիքն, թե այդ շարժման մեջ բացակայում են առաջնորդները, պարզապես «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները շատ ազնիվ, համեստ ու պարկեշտ տղաներ են, որոնց համար կարևոր էր պահել իրենց անունը: Նրա խոսքով` որպես սոցիալական հոգեբանության օրինաչափություն` հնարավոր չէ, որ հավաքվի թեկուզ փոքր խումբ, և առաջնորդներ չլինեն, եթե անգամ չլինեն, ուրեմն կառաջանան:
Կարինե Նալչաջյանի կարծիքով` այդ տղաները լուրջ ու գրագետ որոշում կայացրեցին, շարժվելով դեպի Ազատության հրապարակ, պիտակներ ստանալու վտանգի գնով, ինչը մեծ քաջություն է պահանջում: «Ավելի հեշտ է ասել` վայ, հանկարծ չասեն, ես վախկոտ եմ: Ուղիղ գնալ դեպի վտանգը, միշտ չէ, որ ճիշտ որոշում է: Իսկ տղաները... Տակտիկական ամբողջ ընթացքում երևացին նրանց արդարամտությունն ու ազնվությունը, ճիշտ կողմնորոշվելու հատկությունները:
Միևնույն ժամանակ, ասել, որ Բաղրամյան պողոտայում մնացին բացասական բնութագիր ունեցող մարդիկ, չէ, դա այդպես չէ: Պարզապես Բաղրամյանում մնացին մարդիկ, ովքեր ուղղամտորեն կարծում էին, թե եթե իրենք գտնվում են տվյալ կետում, ուրեմն չպետք է դուրս գան այդ կետից, հակառակ դեպքում` դավաճան կհամարվեն»,- ասաց հոգեբանը` հավելելով, քանի որ այդ պահին չկար ընդգծված առաջնորդ, մարդիկ խլացրեցին այդ տղաների սթափ մոտեցումը: Եվ, ցավոք, դրանից օգտվեցին նրանք, ովքեր օգտվեցին:
Կարինե Նալչաջյանը հավելեց, որ այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում արդեն թռուցիկներ էին բաժանում` «Ոստիկանը մեր բարեկամը չէ» գրությամբ: Ըստ հոգեբանի` նման տեխնոլոգիաներով ներշնչում են ընդվզող մարդկանց, որ ոստիկանները նրանց թշնամին են, և որ պետք է դուրս գալ ոստիկանների դեմ: Մինչդեռ` անգամ ոստիկանության կողմից ջրցան մեքենայով ցույցը ցրելուց հետո «Ոչ թալանին» նախաձեռնության տղաները դուրս չեկան ոստիկանության դեմ, չթշնամացան: Կար հարազատության զգացում, և այդ զգացումն այսօր ուզում են ոչնչացնել:
«Մենք ունենք հրաշալի, պայծառ ու լուսավոր շարժում, լավ երիտասարդներ, որոնք հոգեկան ծանր վիճակի մեջ հայտնվեցին, որովհետև ազնիվ են: Եթե սրիկաներ լինեին, հոգեկան ծանր վիճակում չէին հայտնվի: Նրանց պետք է նեցուկ կանգնել»,- ասաց Կարինե Նալչաջյանը` հավելելով, որ կազմ ու պատրաստ է` գնալ Ազատության հրապարակ ու նեցուկ կանգնել այդ երիտասարդներին: