Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կապված Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ' ռուսական շուկան նոր ներմուծողների կարիք ունի. լրագրողներին այսօր ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա նշեց, որ այս առումով ռուսական ղեկավարությունը առաջին հերթին դիտարկվում է Հայաստանը, որը կարող է իր գյուղմթերքով, պահածոներով ու արդյունաբերական արտադրանքով ինչ-որ չափով հագեցնել ռուսական շուկայի վճարունակ պահանջարկի բացը:
Միայն անցյալ տարվա տվյալներով, ըստ Սաֆարյանի, հայ-ռուսական ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1.44 միլիարդ դոլար, որից մոտ 1 միլիարդը Ռուսաստանից Հայաստան ներմուծված ապրանքներն են եղել, 3.44 միլիարդ դոլարի ապրանք էլ արտահանվել է Հայաստանից Ռուսաստան. անցյալ տարի ռուսական շուկա է արտահանվել շուրջ 63-64 հազար տոննա գյուղմթերք: Եվ քանի որ հիմա, կապված ռուսական շուկայում եվրոպական ապրանքների ներմուծման նվազման հետ, ձեւավորվել է լրացուցիչ պահանջարկ, ՀՀ կառավարությունը, ըստ բանախոսի, նախատեսում է օգտվել ստեղծված իրավիճակից եւ Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղատնտեսական ապրանքների ծավալը մեծացնել:
«Կառավարությունը ծրագրում է հաջորդ տարի Ռուսաստան արտահանվող գյուղատնտեսական ապրանքների ծավալը հասցնել 100-120 հազար տոննայի: Այսինքն' գրեթե կրկնակի կաճի այդ ծավալը, ինչն էական նշանակություոն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության համար»,- նշեց Սաֆարյանը:
Ըստ բանախոսի` Հայաստանի իշխանությունները, կառավարությունը, առանձին միություններ ու միավորումներ պետք է կարողանան համատեղ ծրագրեր մշակել ու իրականացնել Ռուսաստանի արդյունաբերողների, ներմուծողների միությունների, տարբեր միավորումների ու ընկերություննեի հետ, որպեսզի Հայաստանում ռուսները ներդրումներ անեն' այստեղ ստեղծվեն ջերմոցային տնտեսություններ, տեխնիկա-տրանսպորտային պարկեր եւ այլն, ու ամբողջ տարի Հայաստանից Ռուսաստան հնարավոր լինի իրականացնել գյուղմթերքի մատակարարումներ:
Եթե Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքի ծավալը հասնի մինչեւ 100-120 հազար տոննայի, ապա ընդհանուր առեւտրաշրջանառությունը լրացուցիչ կաճի 70-80 միլիոն դոլարով: Այս առումով Վազգեն Սաֆարյանը կարեւորեց կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Որպեսզի այս հնարավորությունից օգտվելու հանրավորությունն օգտագործվի, կառավարությունը, ըստ նրա, պետք է դիմի հեղափոխական քայլերի, ինչը եւ անում է:
Մասնավորապես` Վազգեն Սաֆարյանը կարեւորեց սահմանամերձ գյուղերին արտոնությունների տրամադրման հարցը ու նման տարածքներում ազատ տնտեսական գոտիների ստեղծման ծրագիրը, որը կարող է գրավել Ռուսաստանում բնակվող ու աշխատող հայ գործարարներին' գալ եւ ներդրումներ անել իրենց հայրենի գյուղերում, ստեղծել վերամշակող ձեռնարկություններ ու դրանց արտադրանքն իրացնել ռուսական շուկայում:
Բացի այդ` Սաֆարյանը խոսեց նաեւ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման մասին' նշելով, թե ներկայումս կառավարությունում քննարկվում է գործող' 4 տոկոս սուբսիդավորելու փոխարեն մինչեւ 6-8 տոկոսով գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորելու հարցը, ինչն էական օգնություն կլինի գյուղատնտեսությանը: Որովհետեւ գյուղատնտեսությունը բարձր ռիսկային ոլորտ է, եւ այդտեղ գործող' անգամ 8-10 տոկոս տոկոսադրույքով վարկերը բարձր են գյուղացիների համար:
Բանախոսը անդրադարձավ նաեւ հայկական գինիները ռուսական շուկա արտահանելու հնարավորությանը:
«Տարեկան մոտ 11-11.5 միլիոն լիտր կոնյակ է արտահանվում ռուսական շուկա, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Պետք է կարողանանք գինիների առումով էլ հասնել նման ցուցանիշների: Սրա համար պետք է նախ' բարձրացնենք մեզ մոտ արտադրվող գինիների որակը, երկրորդ' լավ ներկայացնենք մեր գինիները ռուսական շուկայում, գովազդենք»,- ընդգծեց բանախոսը:
Վազգեն Սաֆարյանն առաջարկում է նաեւ տնտեսական կցորդների ինստիտուտ ներդնել Ռուսաստանում' տարբեր մարզերում, ովքեր տեղում կուսումնասիրեն շուկան, կտեսնեն, թե ինչ պահանջարկ է այնտեղ ձեւավորված, տվյալները կփոխանցեն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ու Հայաստանում համապատասխան ապրանքի արտադրությունը կզարգացվի:
Բայց արտահանման ծավալների աճը, շեշտեց Վազգեն Սաֆարյանը, չպետք է կատարվի ի հաշիվ տեղական սպառողի, քանի որ վտանգ կա, որ եթե արտահանումն ավելանա, ապա տեղում գները կարող են բարձրանալ, ինչպես եղավ գառան մսի դեպքում, երբ Հայաստանից միանգամից մեծ քնակությամբ գառներ արտահանվեցին: Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահն առաջարկում է հիմնել գյուղատնտեսական կոոպերացիաներ, միավորումներ, մշակել չմշակվող մոտ 140 հազար հեկտար հողերը, որ ապրանքների դեֆիցիտ չառաջանա: