կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-15 01:24
Տնտեսական

Կեղծվում են թանկ եւ մեծ պահանջարկ ունեցող դեղերը

Կեղծվում են թանկ եւ մեծ պահանջարկ ունեցող դեղերը

Առողջապահական եւ դեղագործական ոլորտի հասարակական կազմակերպությունները «Հայկական բժշկական ասոցիացիա», «Հայկական դեղագործական ասոցիացիա», «Հայկական հոգեբուժական ասոցիացի» եւ Հայաստանի Դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունը համատեղ գործունեություն իրականացնելու հուշագիր են ստորագրել: «Մեզ համար մեծ հաջողություն է, որ վերջապես կառավարություն ընդունեց որոշում GAP-ի`պատշաճ արտադրական գործունեություն, չափանիշներով առաջնորդվելը: Հայ դեղագործները կունենան սերտիֆիկատ, որով կարող են ներկայանալ տարբեր երկրներում»,- նշեց Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:

 

Նրանք մտադիր են մշակել կեղծ դեղերի շրջանառության եւ առողջապահական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի տարեկան ծրագրեր: «Կեղծ դեղերի դեմ պայքարի արդյունքում կնվազի նաեւ կոռուպցիոն ռիսկերը»,- հավաստիացրեց «Հայկական դեղագործական ասոցիացիայի» նախագահ Ղուկաս Ուլիխանյանը: Նրա խոսքով, իրենք պետք է հաջողեցնեն, որ բնակչությունը սկսի առաջին հայացքից տարբերել կեղծ դեղորայքը՝ իսկականից: «Օգոստոսի տվյալներով, Հայաստան է ներմուծվել 1.5 տոկոս կեղծ դեղորայք: Հիմնականում կեղծվում են այն դեղերը, որոնց շրջանառությունը ավելի մեծ է եւ թանկ են»:

 

Կազմակերպությունները նախատեսում են տարին մեկ կազմակերպել համատեղ համաժողովներ, կիսամյակը մեկ` գիտաժողովներ, իսկ յուրաքանչյուր եռամսյակ կանցկացվեն սեմինարներ, քննարկումներ: Թեմաները կլինեն նոր դեղամիջոցների, դեղաբուժության նորությունների, տեղական դեղարտադրության նորույթների, բժշկության եւ առողջապահության ոլորտներին վերաբերող օրհենսդրական եւ ենթաօրենսդրական փաստաթղթերի հետ կապված առաջարկների ներկայացումը: «Չափազանց կարեւոր է, որ  բժշկական եւ դեղագործական կազմակերպությունները կարողանան ճիշտ համագործակցել»,- ասաց «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» նախագահ Արմեն Սողոյանը: