կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-20 16:14
Տնտեսական

Հայաստանը պիտի հումքային երկրից վերածվի պատրաստի արտադրանք տվող երկրի. Վազգեն Սաֆարյան

Հայաստանը պիտի հումքային երկրից վերածվի պատրաստի արտադրանք տվող երկրի. Վազգեն Սաֆարյան

Կառավարության նոր ծրագիրը պետք է համարել առաջանցիկ քայլ, որը ունի դրական միտումներ. լրագրողներին ասաց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ դրական միտումներն են, որ գնումների հարցում կառավարությունը որդեգրել է նոր մոտեցում` կրճատելով պատվիրատուների թիվը. միջնորդ կառույցները դուրս են մնում: Երկրորդ՝ որոշ կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են, օրինակ, գյուղմթերքի վերամշակմամբ և ջերմոցային տնտեսության ստեղծմամբ,  գազի առանձնահատուկ սակագին է սահմանվում, որը նույնպես շատ կարևոր է: «Հաջորդ լուծված խնդիրն է, որ վերջապես մենք հրաժարվում ենք հսկիչ գների քաղաքականությունից: Այդ հարցի հետ կապված` Համաշխարհային բանկն ուներ որոշակի տարաձայնություն, և դրսից բերված ապրանքների հավաստագրերն այստեղ չէին ընդունվում` պատճառաբանելով, որ հսկիչ գներից պիտի սահմանի վրա գանձվեն տուրքեր: Դա շատ սխալ էր, և սա շատ դրական քայլ պիտի համարել: Հայաստանը պիտի հումքային երկրից աստիճանաբար անցում կատարի պատրաստի արտադրանք տվող երկրի»,- ասաց բանախոսը:

Սաֆարյանը կարևոր դրույթ համարեց պետություն-մասնավոր գործընկերության գործառույթի կառավարումը, որի արդյունքում պետությունն ի վիճակի կլինի որոշակի ներդրումներ կատարել գործարաններում, որոնք ունեն ապրանքի արտադրության և դրա իրացման հնարավորություն: Պետությունը կարող է որոշակի գումար տալ, գործարանի ակցիաները ձեռք բերել և հետագայում հնարավորություն տալ գործարանին ակցիաները ետ գնելու:

«Կարծում եմ, որ ծրագիրը կարող է արդյունավետ լինել, պարզապես պետք է կարողանանք լուծել ներդրումների  խնդիրը: Մենք պիտի աջակից լինենք,  որպեսզի մեր առաջարկություններով այն դարձնենք ավելի կոնկրետ արդյունաբերության  ոլորտի համար»,- հավելեց Սաֆարյանը: