կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-12 13:08
Տնտեսական

Լավագույն արդյունքը ցույց է տվել արդյունաբերությունը. Վազգեն Սաֆարյան

Լավագույն արդյունքը ցույց է տվել արդյունաբերությունը. Վազգեն Սաֆարյան

«Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողներին ասաց, որ 2015 թվականը ՀՀ-ի համար չի կարելի արդյունավետ համարել: Նրա խոսքով`անցած տարվա մակրոտնտեսական ցուցանիշներն ուսումնասիրելով` կարելի է ասել, որ լավագույն արդյունքը ցույց է տվել արդյունաբերությունը` արձանագրել է 105.2 տոկոս աճ: Արդյունաբերության ստորաբաժանումները դիտարկելով` Սաֆարյանը հայտնեց` հանքարդյունաբերությունը 221 միլիարդ դրամի համախառն արդյունք է տվել, վերամշակող արդյունաբերությունը` 821 միլիարդ դրամի եկամուտ:

«Գրեթե բոլոր ոլորտներում անկում ենք ունեցել: Սննդամթերքի արտադրության մեջ ենք անկում ունեցել, և այն 91 տոկոս է կազմել: Ծխախոտի արտադրությունն աճ է արձանագրել: Մանածագործությունն է նվազել: Հիմնային մետաղների արտադրության մեջ ևս մենք ունենք նվազում»,- ասաց Սաֆարյանը` հավելելով, որ 2015 թվականի ընթացքում բավական շատ հանքանյութ ենք արդյունահանել:

«Հարկահավաքության մեջ որոշակի դրական լուծումներ են նկատվում: Եկամտային հարկը, եթե 14 թվականին 25 տոկոս է կազմել, հիմա 27 տոկոս է: Նվազել է ավելացված արժեքի հարկը, 14 թվականին եղել է 34 տոկոս, 15 թվականին եղել է 30 տոկոս»,- ընդգծեց նա:

Սաֆարյանը նշեց նաև, որ 2015 թվականին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 18 տոկոս, իսկ աշխատանք փնտրողների թիվը 74 հազար է: Նա հայտարարեց նաև, որ մեր երկրում պետք է քիմիական արդյունաբերությունը զարգանա, մասնավորապես` «Նաիրիտ» գործարանը վերագործարկվի: