Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերին Լարսի ճանապարհի փլուզումը եւ չգործելը հանգեցրեց այն բանին, որ մեր բեռնափոխադրումների ծավալները դեպի Ռուսաստան փոքր-ինչ նվազեցին, խնդիրներ առաջացան բեռնափոխադրողների համար. լրագրողներին այսօր ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյան' լրացուցիչ տեղեկացնելով, որ 3 անգամ ճանապարհի այդ հատվածում թունել կառուցելու ծրագիր է եղել:
«Առաջին անգամ այդ թունելի կառուցմանը խանգարեց Առաջին համաշխարհային պատերազմը, երկրորդ անգամ' Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ երրորդ անգամ' ԽՍՀՄ-ի փլուզումը»,- տեղեկացրեց Վազգեն Սաֆարյանը' ընդգծելով, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Վրաստանի իշխաությունները պետք է համատեղ այս հարցի համար լուծում գտնեն:
Իսկ, ընդհանրապես, քանի որ Ռուսաստանի հետ մեր առեւտրատնտեսական հիմնական կապուղին համարվում է Վրաստանով ճանապարհը, որը զերծ չէ նաեւ այսպիսի բնական աղետներից, բանախոսը նշեց, որ ՀՀ իշխանությունները միշտ պետք է աչքի առաջ ունենան Ռուսաստանի հետ կապող երկրորդ ճանապարհն ունենալու հարցը: Այդ առումով Վազգեն Սաֆարյանը խիստ կարեւորեց Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը, որով հնարավոր կլինի Ռուսաստանի հետ կապող երկրորդ ճանապարհն ունենալ: Առհասարակ, շեշտեց բանախոսը, Հարավային երկաթուղին Հայաստանին հնարավարոթյուն կտա կապ հաստատել` ընդհուպ մինչեւ Չինաստան...
Բայց մինչ Հարավային երկաթուղու մասին մտածելը, Վազգեն Սաֆարյանը հիշեցրեց, որ վերջերս Աբխազիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ընտրված նոր նախագահը հայտարարել էր, որ դեմ չէ վրաց-աբխազական երկաթուղու վերագործարկմանը, ինչը էական նշանակություն կարող է ունենալ Հայաստանի համար: Վերջին շրջանում, ընդգծեց բանախոսը, տարեցտարի երկաթգծով բեռնափոխադրումների ծավալները նվազում էին, քանի որ հայ գործարարների համար ավելի ձեռնտու էր իրենց բեռներն ավելի արագ Ռուսաստանի տարածք հասցնել ավտոտրանսպորտի միջոցով: Իսկ աբխազական երկաթուղու գործարկումը ու Հայաստանի, Վրաստանի երկաթուղիների կապը ռուսական երկաթգծի հետ կարող է փոխել իրավիճակը: