Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին: Մասնավորապես, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ երկրի տնտեսության լավատեսական գնահատականի համար չկան ո'չ ներքին, ո'չ էլ արտաքին պատճառներ, և Հայաստանը մտել է բացասական սպասումների փուլ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եթե տնտեսության զարգացման լավ հիմքեր լինեին, բնականաբար, տնտեսությունը ավելի կզարգանար: Բնական է` լավ հիմքեր չկան, որովհետև Հայաստանը փակ երկիր է, ռիսկային երկիր է, և այն, ինչ մենք ունենք, տարակուսանքի է արժանանում ոչ միայն մեր հասարակության կողմից, այլև` դրսի: Բնական է` տնտեսության զարգացման խնդիրներ ունենք»:
Լրագրողներից մեկի դիտակրկմանը՝ հնարավո՞ր է Քոչարյանը ցանկանում է վերադառնալ, ԱԺ նախագահն արձագանքեց, որ չի ցանկանում անդրադառնալ այդ հարցին: «Մենք Ռոբերտ Քոչարյանի հետ միասին աշխատել ենք, սատարել ենք, այսինքն` քաղաքական համաձայնությունների ենք եկել, և այդ տարիներին, հանձին կառավարության և Ազգային ժողովի, մենք կարողացանք լուրջ հաջողություններ արձանագրել, որովհետև ժամանակաշրջանի հնարավորությունները այդպիսին էին:
Առավել ևս` հանձին Անդրանիկ Մարգարյանի, մենք կարողացանք հաղթահարել հոկտեմբերի 27-ի դեպքերը, ապահովել հանրապետության նախագահի թիկունքը: Դրանից հետո` 2001-ից սկսվեց տնտեսական աճը: Դա մի ժամանակաշրջան էր, երբ Հանրապետականը կարողացավ ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս ժողովրդի վիճակը փոխվի: Եվ մի ժամանակաշրջանը մյուսի հետ չի կարելի համեմատել: Իսկ այս պահին ունենք այն, ինչ ունենք, որովհետև այս պահին տքնում է ամբողջ աշխարհը, և հնարավոր չէ, որ Հայաստանը որոշակիորեն իր վրա չունենա նաև ծանրություն` բարոյական, տնտեսական ու քաղաքական առումով: Համենայն դեպս, ժամանակը ցույց տվեց, որ երբ ժողովուրդը զգում է վտանգ, ոչ թե արտագաղթում է, ինչպես որոշները մտածում էին, այլ միավորվում է»:
Yerkir.am-ի հարցին` կիսո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետը, որ երկրում տնտեսական աճ ապահովելու համար նախ պետական չինովնիկները պետք է զսպեն իրենց ախորժակը և մի քանի տարով հեռավոր` հետին պլան մղեն անձնական շահերը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Գիտեք, ախորժակի մասին դատողությունները մեր ժողովրդի մեջ շատ տարբեր կարող են լինել: Օրինակ` ես հիմա չգիտեմ` ես իմ ախորժակը զսպում եմ, թե՞ չեմ զսպում: Ոչ թե պետք է ախորժակի զսպման մասին խոսել, պետք է որոշակիորեն հասարակությանը տրամադրել դեպի իշխանությունը: Դրա գործոններից մեկը կլինի նաև այդ ախորժակի զսպումը»:
Մանրամասները` տեսանյութում: