կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-28 15:48
Հասարակություն

Ագրեսորին զսպում է միայն ուժը

Ագրեսորին զսպում է միայն ուժը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ սահմանային լարվածությանը և այդ առնչությամբ ՀՀ նախագահի և ՀՀ ՊՆ-ի արձագանքին: Ըստ նրա` հայկական կողմը հենց այսպիսի արձագանքով պետք է հանդես գար:

«Կա մի շատ պարզ ճշմարտություն` ագրեսորին զսպում է միայն ուժը: Սա փորձարկված է տարբեր տարածաշրջաններում, տարբեր պատմական ժամանակաշրջաններում: Եվ եթե չլինի ավելի հզոր ուժ, ագրեսորն էլ ավելի է ոգևորվում և կարող է ավելի վատ քայլերի գնալ: Միշտ պետք է այս գործելաոճը կիրառվի և կիրառվում է, որովհետև Ադրբեջանին զսպող ամենակարևոր գործոնը ՀՀ և ԼՂՀ բանակներն են, դրա համար այդպես էլ պետք է շարունակվի հետագայում»,- ընդգծեց Բաբայանը:

Նրա խոսքով` մեր պատասխանը պետք է լինի ուժգին, բայց մենք չպետք է հավասարվենք Ադրբեջանին: «Այստեղ կա մի նրբություն` եթե նրանք հանդես են գալիս որպես հանցագործ, դա չի նշանակում, որ մենք էլ նույնը պետք է անենք: Իհարկե, մենք պետք է ուժգին հակահարված տանք, բայց չպետք է հավասարվենք ադրբեջանցուն: Մենք երբեք չենք հրթիռակոծում խաղաղ բնակավայրեր: Եթե նույնիսկ  այնտեղ լինում են զոհեր, սա կա\'մ իրենց կողմից զոհերն են, կա\'մ էլ պատահականություն է: Ի տարբերություն Ադրբեջանի, մենք զգուշացնում ենք, որ պետք է պատասխան գործողություններ լինեն: Սրանով մեր հոգին է մաքուր և միջազգային կանոններին ևու նորմերին ենք հետևում»,- ասաց Բաբայանը:

Անդրադառնալով մեր սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ միջազգային կառույցների արձագանքին` նա նշեց. «Իհարկե, մենք կուզենայինք, որ նրանք ավելի համարձակ գործեին և դատապարտեին Ադրբեջանին: Բայց իրավիճակն այնպիսին է, որ, որպես միջնորդներ, նրանք պետք է պահեն այդ բանակցային գործընթացը, որը գրեթե կոմայի մեջ է: Նրանց էլ կարող ենք հասկանալ: Նրանք փորձում են չվնասել, և նրանց այս ընդհանրացված մոտեցումը հենց դրան է միտված»:

Ըստ Բաբայանի` չնայած այսպիսի մեղմ մոտեցմանը, միջազգային կառույցները պաշտոնական խողովակներով, բայց ոչ հրապարակային ձևով բոլոր անհրաժեշտ մեսիջներն ուղարկում են Բաքվին:

Դիտարկմանը, թե մեկ օրվա ընթացքում երեք խաղաղ բնակիչ է զոհվել, և մեղմ դիրքորոշումն այս պարագայում արդեն այնքան էլ տեղին չէ, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը պատասխանեց. «Նրանք կարծում են, որ կարմիր գիծը դեռ չի հատվել: Դրա համար փորձում են այս ընդհանրացված մոտեցումը կիրառել»:

Դավիթ Բաբայանն անդրադարձավ նաև անցած գիշեր սահմանին տիրող իրավիճակին: «Նրանք շարունակել են կրակել, օգտագործել են ականանետներ, թուրքական զենիթահրթիռային համակարգ, բայց, բարեբախտաբար, մենք կորուստներ չունենք: Նրանց մոտ կան կորուստներ: Մենք պատասխանում ենք նրանց բոլոր ոտնձգություններին և թույլ չենք տալիս, որ նրանք ռազմավարական նմախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը»,- ասաց նա:

Խոսելով վերջին օրերին վիրավորված զինվորների մասին` Բաբայանը նշեց. «Մեր հոսպիտալում էլ կան վիրավորվածներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ում վիճակն էլ ծանր է, ողջ Արցախը և հայությունն աղոթում է, որպեսզի ապաքինվեն, և բժեշկներն էլ անում են ամենն այս ուղղությամբ»:

Ըստ մեր զրուցակցի` այն զինվորները, ովքեր տեղափոխվել են Երևան, ավելի որակյալ բուժօգնություն ստանալու նպատակով են տեղափոխվել: