Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստից առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցեց սահմանային լարվածության վերաբերյալ:
Նա նախ նշեց, որ բացի դիվերսիոն-հետախուզական և հարձակողական բնույթի գործողություներից, վերջին օրերին հակառակորդի կողմից իրականացվել են նաև այլ գործողություններ. հայտարարվել է ողջ անձնակազմի հավաք, բերվել են ծառայության ուժեղացված ռեժիմի, մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել են անձնակազմի զինտեխնիկայի տեղաշարժեր գրեթե բոլոր զորամիավորումների պահպանության գոտիների դիմաց:
Իրականացվում է ավիացիայի՝ ինքնաթիռների և ուղղաթիռների ակտիվություն առաջնային գծի երկայնքով, որոշ ստորաբաժանումներ՝ խոցման և նաև երկրորդ շարակազմի, բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, հրամանատարական կետերի բացազատում, առաջնագծում ակտիվացել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի թռիչքները, տեղեկատվական և քարոզչական միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ապատեղեկատվության տարածումը:
«Ինչպես գիտեք, ադրբեջանական մի քանի ԶԼՄ-ներում նրանք ներկայացնում են այնպես, որ հաղթանակն իրենք են տարել, և հայկական կողմը մեծ կորուստներ է տվել: Կորուստների հարաբերակցությունը, եթե այսօր համեմատենք, 1/8 և 9, այսինքն՝ 8-9 անգամ նրանք ավելի շատ կորուստներ են ստացել: Որոշ սահմանամերձ բնակավայրերում, շրջաններում իրավիճակի սրումը Ադրբեջանի Հանրապետության գյուղի բնակիչների մոտ առաջացրել է խուճապ և արտահոսք: Այդ կապակցությամբ սահմանամերձ նորակառույց բնակավայրերում ուժեղացվել է վարչական և ոստիկանական ռեժիմը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով` հայկական ԶՈւ-ն որոշակի քայլեր է իրականացնում զորահավաքային պլանների ճշգրտման, զգուշացման ուղղությամբ: Սեյրան Օհանյանը 1994 թվականից հետո աննախադեպ է համարում հակառակորդի կողմից նման գործողությունները:
Ըստ Սեյրան Օհանյանի, գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը չի սահմանափակվում զուտ հրադադարի խախտումներով և իրականացնում է ավելի լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստական աշխատանք:
Այդ ամենը, նախախարի խոսքով, հետևանք է ադրբեջանական կողմի հռետորաբանության և նպատակ ունի բանակցային գործընթացի վրա ազդելու և նաև ներքին լսարանի համախմբման և պարտվածի թերարժեքության վերացման և զինված ուժերի ոգու բարձրացման: