Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այդ իշխանություններն են Ադրբեջանի հետ համաձայնեցված գործում, այդ իրենք են մինչև հիմա Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություններ վարել և գաղտնի կապեր հաստատել, իրենք են, որ Ադրբեջանի ճնշման տակ ոչ մի միջոց չեն ձեռնարկել մինչև հիմա Արցախի սահմանամերձ բնակավայրերի՝ Խրամորթի, Փառուխի անվտանգությունն ապահովելու համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին՝ իբրև թե ընդդիմությունն ու թշնամին համաձայնեցված են գործում, իսկ Սեյրան Օհանյանը, որը հայտարարել էր, որ խորհրդարան անցնելն իրենց համար խրամատ է, այժմ մեկնում է Արցախ՝ հավանաբար նորից խրամատավորվելու ընդդեմ ՀՀ իշխանությունների։
«Ո՞վ է այդ սրիկաներից պատասխան տալու Փառուխի, Խրամորթի, Թաղավարդի խաղաղ բնակիչների առջև, որոնց այսօր վտարել են իրենց իսկ բնակավայրերից։ Իշխանություններն են, որ ոչ մի միջոց չեն ձեռնարկել ՀՀ սահմաններն ամրապնդելու համար»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Իսկ այն, որ Ադրբեջանը տարբեր միջազգային հարթակներում բանակցությունների շրջանակում նաև գործնական քայլեր է իրականացնում, ասաց նա, նորություն չէ։
«Մեր քայլերն, ընդհակառակը, ուղղված է նրան, որ սթափեցնենք, արթնացնենք այսօրվա իշխանություններին, կառավարությանը, որ քնած է մնացել՝ արթնացնենք, որ գոնե սահմաններն ամրապնդեն»,-ասաց նա։
Սեյրան Օհանյանը համոզված է, որ իշխանություններն են Հայաստանը տանում հերթական պարտության և նսեմացման։
«Իրենք են կուրորեն գնում թուրք-ադրբեջանական խաբկանքի մեջ՝ առանց հասկանալու, որ խաղաղությունը չի կարող, ինչպես իրենց ծրագրում նշված է, լինել անվտանգության երաշխիք, խաղաղությունը անվտանգության հիմնարար արժեք է, անվտանգության երաշխիք կարող են լինել անվտանգային համակարգերը՝ բանակը, ուժային կառույցները, ժողովրդի համախմբվածությունը, և նաև միջազգային հարթակներում խելացի բանակցություներ իրականացնելը»,-ասաց նա։
Իսկ այն, որ պարտված իշխանությունները միշտ գտնվում են ճնշման, պարտադրանքի տակ, նշեց Սեյրան Օհանյանը, ևս մեկ ապացույց է, որ այսօրվա իշխանությունները մինչև չհեռանան, Հայաստանն ու Արցախը միշտ լինելու են ճնշման և պարտադրանքի ներքո։
Պատգամավորը համոզված է, որ իշխող թիմը եթե փոքր ինչ կա՛մ հայրենասեր, կա՛մ խելացի լիներ՝ ընդդիմության այս գործողությունները կօգտագործեր իր իսկ օրակարգերն արտաքին հարթակներում առաջ տանելու համար։
Աննա Բալյան