կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-31 22:07
Առանց Կատեգորիա

Ինչի՞ է ուզում հասնել Ադրբեջանը կամ տեղեկատվական անգրագիտության հետևանքները

Ինչի՞ է ուզում հասնել Ադրբեջանը կամ տեղեկատվական անգրագիտության հետևանքները

ԼՂՀ պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկատվություն տարածեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ մարտական հենակետերից մեկի վրա ադրբեջանական զինուժի հարձակման և դրա հետևանքով հայկական կողմից երկու զինծառայողի զոհվելու վերաբերյալ: Այս դեպքում խոսքը գնում է ոչ թե ադրբեջանական զինուժի կողմից իրականացված դիվերսիոն գործողության մասին, այլ հենակետի վրա հարձակման, այսինքն ճակատային ռազմական գործողության, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ դրա նպատակը եղել է հայկական հետակետի ոչնչացումը կամ գրավումը: Եթե իսկապես այդպես է, ապա գործ ունենք հրադադարից հետո որակապես նոր, շատ ավելի հանդուգն մարտական բազմաբևեռ մեթոդներով ռազմական գործողությունների անցնելու նոր մարտավարության հետ:

 

Դրան զուգահեռ հուլիսի 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի միանգամից մի քանի գյուղեր ենթարկվեցին գնդակոծության, այդ թվում նաև Իջևանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղը, որը վերջին մի քանի տարիների կտրվածքով առաջին անգամ է դառնում թիրախ: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ հակառակորդը գնդակոծության է ենթարկել նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղը, որտեղ ևս մինչ այդ նման դեպքեր չէին արձանագրվել: Այն հանգամանքը, որ հակառակորդը Տավուշի մարզի` առավել խոցելի բնակավայրերից զատ նաև թիրախի տակ է առնում իր համար հասանելի հայկական նոր բնակավայրեր, խոսում է մի կողմից ռազմական բախումների մասշտաբները և ճակատային գիծն ընդլայնելու, մյուս կողմից հայկական ուժերին ավելի ակտիվ պատասխան գործողությունների հարկադրելու նպատակների մասին:

 

Եթե մինչ այս թվում էր, թե Բաքուն նման գործողություններով ընդամենը փորձում է հակամարտության և իր պահանջների վրա հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, հավաստել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր սպառնալիքների լրջությունը, ապա վերոնշյալ միտումները այլևս ցույց են տալիս, որ հիմնական նպատակը հայկական կողմին մասշտաբային ռազմական ավանտյուրայի մեջ ներքաշելն ու սադրելն է:

 

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ որքան հայկական կողմը փորձում է զսպվածություն ցուցաբերել` ըստ էության` խնդիր ունենալով միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ստիպել դադարեցնելու գյուղերի և դիքերի ուղղությամբ ինտենսիվ կրակահերթերը, այնքան ադրբեջանական կողմն ավելի ագրեսիվ է դառնում: Ըստ ամենայնի` Բաքվին նյարդայնացնում է սադրանքներին տուրք չտալու, պաշտպանությունից հարձակման չանցնելու հայկական կողմի որդեգրած մարտավարությունը, և փորձում է իրադրությունն ավելի ու ավելի սրելու միջոցով հայկական զինուժին հանել հավասարակշռությունից: Դա սակայն, առայժմ չի հաջողվում:

 

Փոխարենը հայաստանյան և ղարաբաղյան հասարակությունների մոտ արդեն հասունացնում է նման զսպվածության հետագա պահպանման նպատակահարմարության շուրջ դիսկուրսը` ինչը մի կողմից լրացուցիչ ճնշում է բանակի նկատմամբ, մյուս կողմից` ոմանց մոտ դրսևորվող որոշակի խուճապայնության արտահայտություն է: Մինչդեռ իրավիճակի նման սրման պարագայում հայկական կողմի դրսևորած սառնասրտությունը թերևս թելադրված է մտավախությամբ, որ սա մի խաղ է, որը թելադրվում է բոլորովին էլ ոչ Ադրբեջանից: Այսինքն նման վարքագիծ դրսևորելու Ադրբեջանի ինքնավստահությունը պայմանավորված է ոչ թե սեփական ուժերի գերազանցության գիտակցմամբ, այլ իրավիճակը սրելու համար պատասխանատվությունից խուսափելու` դրսից տրված երաշխիքներով և այն համոզմամբ, որ գոնե այս պահին Հայաստանը որևէ աջակցություն չի ստանալու դրսից, նաև իր ռազմավարական դաշնակցից:

 

Թե ով կամ ովքեր են ԼՂ հակամարտությունը ռազմական ֆազա տեղափոխելու հարցում շահագրգիռ այդ ուժերը, կարելի է կռահել: Սակայն սա քննարկման այլ առարկա է: Փաստն այն է, որ նման պարագայում հարձակողական գործողությունների դիմելը կարող է ջուր լցնել հենց այդ երրորդ կողմի ջրաղացին և ապահովել նրանց նախանշած պլանի անշեղ իրականացումը: Այս իմաստով` շփման գծում հայկական կողմի հանդես բերած զսպվածությունը արդարացված կարող է լինել այնքան ժամանակ, քանի դեռ վերջնականապես պարզ չէ` ինչ է կատարվում իրականում և որտեղից է սնվում ադրբեջանական այս ագրեսիան: Սակայն սա որևէ պարագայում չի արդարացնում այն պասիվությունը, որը հայկական կողմը դրսևորում է դիվանագիտական ու քարոզչական ճակատում:

 

Միջազգային հանրության ներկայիս կեցվածքն առ այն, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, նշանակում է, որ պատերազմի վերսկսման պարագայում ողջ պատասխանատվությունը բարդվելու է այն կողմի վրա, որը նախահարձակ է լինելու: Պարզ է, որ հայկական կողմին սադրելու Ադրբեջանի հիմնական նպատակը նրան հենց նախահարձակ լինելու մեջ մեղադրելն է, որի հաջողելու դեպքում Հայաստանը ոչ ագերսորի պիտակից, ոչ էլ պատերազմից ազատվելու որևէ տարբերակ այլևս չի ունենալու:

 

Ահա այս պայմաններում Արտգործնախարարությունն ընդհանրապես կարծես ողջ անձնակազմով գնացել է անվերադարձ արձակուրդ` բացարձակ անհաղորդ մնալով սահմանին կատարվող իրադարձություններին, իսկ պաշտպանական գերատեսչությունները բավարարվում են ընդամենը լրատվամիջոցների հրապարակումներին անկանոն արձագանքելով, սահմանային դեպքերի մասին կարճ, տեղեկատվական բնույթի հարորդագրություններով ու կորուստների համար ցավակցություններ հայտնելով: Հայկական կողմի տեղեկատվա-քարոզչական այս բացահայտ անգործությունը, անկազմակերպվածությունը հանգեցրել է ընդհուպ նրան, որ երբ Տավուշի մարզում կրակում են <Կարմիր խաչ>-ի ավտոմեքենայի ուղղությամբ, հայկական կողմի կատարյալ անտարբերության պայմաններում Ադրբեջանն է պաշտոնապես հայտարարում, թե հայերն իրենք են կրակել` Բաքվին վարկաբեկելու համար:

 

Երևանում հավանաբար չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել, որ ժամանակակից աշխարհում եղանակ են ստեղծում ոչ թե ռազմական գործողություններն ու փայլուն օպերացիաները, այլ տեղեկատվական ուղղորդված հոսքերը, դրանց միջոցով որոշակի կերպարների, կանխակալ պատկերացումների ստեղծմամբ միջազգային կարծիքը մանիուլյաիցիայի ենթարկելը, այդ ուղղությամբ կողմերի դրսևորած հետևողականությունն ու ագրեսիվությունը: Այս առումով Երևանում կատարյալ նախնադար է:

 

Գևորգ Աղաբաբյան