Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծել, որում կքննարկվեն բոլոր քաղաքական ուժերի առաջարկությունները, այդ թվում` «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի:
Մեր թղթակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ զրույցում փորձել է բացել այդ հնարավոր հանձնաժողովի նպատակը:
«Կյանքն առաջ է գնում: Կարելի է Սահմանադրության տարբեր հոդվածներ քննարկել եւ ավելի բարենորոգ դարձնել Սահմանադրությունը, բայց կանխավ որոշել, թե ինչը պետք է փոխվի, եւ որ դրա տակ ՀՀԿ-ն ստորագրի` անհեթեթություն է»,-հայտարարեց Սահակյանը:
Դիտարկմանը, թե ստացվում է` ՀՀԿ-ն դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին անցմանը, նա պատասխանեց, որ դրան դեմ են ոչ միայն իրենք, այլ նաեւ ՀԱԿ-ը եւ այլ ուժեր:
«Իրենք պնդում են հետեւյալը, որ` բերեք, գրենք սահմանադրական բարեփոխումներ եւ անցումը կառավարման խորհրդարանական համակարգի, որն անհեթեթ է, այսինքն` դա պետք է քննարկվի, բոլոր քաղաքական ուժերը պետք է համաձայնեն, այդ ժամանակ էլ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց ստեղծել հանձնաժողով, որը համաձայն ենք, որ ղեկավարի Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչն էլ հնարավորություն կտա ընդդիմությանը ավելի համապարփակ իր կարծիքն արտահայտելու: Մենք համաձայն ենք քննարկել նաեւ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու հարցը, բայց ոչ երբեք ԱԺ-ն լուծարելը, քանի որ դա ոչ միայն բարոյական չէ, այլ նաեւ հակասահմանադրական է»,- հայտարարեց Սահակյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ թեեւ հիմա էլ կողմերը լուրեր են տարածում, որ երկխոսությունը տապալվեց, բայց իրենք միշտ պատարստ են նստել եւ խոսել, պարզապես «Ժառանգությունը» նախ պետք է կարողանա ամուր կուսակցություն դառնալ, որպեսզի ղեկավարի խոսքն ու կուսակցության կողմից բանակցողի խոսքը մեկ լինեն»:
«Մեր ճանապարհը մեկն է, մենք գնում ենք բարեփոխումների ճանապարհով, ռադիկալ միջոցառումներ ենք ձեռնարկվելու, եւ ընդդիմությունը մեծ դերակատարում կարող է ունենալ մեր ծրագրերում: Իրենք առաջարկել են վերահսկողական լծակների տիրապետել, մենք էլ ասել ենք, որ կարող ենք կատարյալ դիրքեր ապահովել, եւ դա շահեկան կլինի, որ այն ծրագրերը, որ նախատեսում ենք կատարել, ավելի արագ գնան»,- հայտարարեց Սահակյանը:
Նա վստահեցրեց, որ, անկախ ամեն ինչից, իշխանությունները բարեփոխումների իրենց ծրագիրն իրականացնելու են:
«Մենք ուզում ենք, որ ընդդիմությունը հնարավորություն ունենա ազդելու երկրի ռազմավարական ծրագրերի վրա»,- նշեց Սահակյանը:
Դիտարկմանը, թե կրկին պաշտոններ են առաջարկում ընդդիմությանը, Սահակյանը արձագանքեց, որ ընդդիմության առաջարկների մի մասը վերաբերում է հենց դրան, որը քննարկման ենթակա է, իսկ առհասարակ` «որեւէ առաջարկ չունեն անելու»:
Ի դեպ, հարցին, թե` հնարավո՞ր է սահմանադրական բարեփոխումները հանգեն նրան, որ ավելացվի փոխվարչապետերի պաշտոնները, Սահակյանը պատասխանեց, որ դա կարող են եւ առանց Սահմանադրությունը փոխելու էլ անել: