Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանին:
Հիշեցնենք, որ մի խումբ պատգամավորների կողմից, ովքեր հեղինակել են այս օրենքի նախագիծը, առաջարկվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով արգելել ծխախոտի գովազդը, ինչպես նաև ժամը 06:00-ից մինչեւ 22:00-ը` թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի:
Քանի որ Հայաստանում սպառվող ալկոհոլային խմիչքների արտադրությամբ կամ ներմուծմամբ զբաղվող խոշոր ընկերությունները, գործող օրենքի սահմանափակումներով պայմանավորված, երկրի համար չեն նախատեսում գովազդային բյուջեներ, ինչը տարեկան կտրվածքով բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են ծանր ֆինանսական իրավիճակում հայտնված հայաստանյան հեռուստատեսությունների համար ու դրանից գանձվող պետական բյուջեի մուտքերի տեսանկյունից, ուստի հեղինակները համարում են, որ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ գովազդատուների կողմից, գովազդի դիմաց կատարվող վճարների տեսքով, տարեկան մինչեւ լրացուցիչ 1 մլրդ դրամ կարող է ուղղվել հայաստանյան հեռուստատեսություններ, ինչը որոշակիորեն կբարելավի դրանց ֆինանսական վիճակը:
Աղվան Վարդանյանը, հարց ուղղելով Սամվել Ֆարմանյանին, հետաքրքրվեց, թե ի՞նչ խնդիր է լուծվում այս օրենքի նախագծով, արդյո՞ք այն չի հակասում հասարակության շահին: «Արդյո՞ք այն չի վնասում առողջ մրցակցությանը: Եթե այն փորձագետները ներկայացնեին, հասկանալի կլիներ, բայց ինչո՞վ է պայմանավորված օրենքի նախագծի հեղինակների կազմը՝ երիտասարդ, եռանդուն մարդիկ են, ինչո՞ւ են այդ կազմով նման բաներ ներկայացնում»,- հարցրեց պատգամավորը:
Սամվել Ֆարմանյանը նշեց, որ օրենքի նախագծի համահեղինակները լուրջ մտահոգություն չունեն, որ անտեսվում է հասարակական շահը, քանի որ վիճակագրական տվյալներ կան, որոնք ցույց են տալիս, որ ալկոհոլային գովազդի կրճատումը չի նպաստում դրանց սպառման կրճատմանը: Նրա կարծիքով՝ օրենքը չի վնասի մրցակցությանը, քանի որ գովազդից կարող են օգտվել թե' տեղական, թե' ներմուծող ընկերությունները: «Մեկ միլիարդ դրամի չափ գումար չի մտնում շուկա, այնինչ` բոլոր հեռուստաընկերությունները ունեն ինքնաբավության խնդիր: Ինչ վերաբերում է օրենքի նախագծի հեղինակային կազմին` որ հեղինակները երիտասարդ պատգամավորներ են, եթե մեր տարիքն էիք ուզում ընդգծել, ապա մյուս անգամ օրենք հեղինակելիս կարող ենք ներառել նաև անձամբ ձեզ»,- ասաց Սամվել Ֆարմանյանը: